Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուրգեն Արսենյանը ԲՀԿ-ում եղել է, բայց չի վարկաբեկվել»

Փետրվար 10,2017 17:00

Զոյա Թադեւոսյանը պատմում է, թե ինչ սխալ կարծիք է ունեցել Ծառուկյանի մասին եւ ինչպես է վերաբերվում Գուրգեն Արսենյանի՝ ՀԱԿ ցուցակ մտնելուն

ՀԱԿ-ը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀԺԿ-ի հետ դաշինքով: Իսկ դաշինքով մասնակցելու դեպքում 7 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր կա: Ինչո՞ւ միասնական ցուցակով չեն գնում՝ հատկապես, որ ՀԱԿ անդամները խոստովանում են՝ նախորդ ընտրություններին իրենց ռեսուրսները ավելի մեծ էին: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է իր ինքնուրույնությունը դրսեւորել. «Ի վերջո, դրա իրավունքը երկուսն էլ ունեին, եւ կարծում եմ՝ դաշինքի ընտրությունը նորմալ է: Ինչո՞ւ միաձուլվել, մեկ ցուցակով հանդես գալ: Ճիշտը երեւի դա է»: Տիկին Թադեւոսյանն ասաց, որ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԺԿ-ն իրենց անդավաճան դաշնակիցն են, անչափ հավատարիմ են:

Հարցին՝ կհաջողվի՞ ՀԱԿ-ին 7%-ի շեմը հաղթահարել, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, մնացածներին կհաջողվի, մեզ չի՞ հաջողվի: Ի վերջո, չեմ կարծում, որ ուրիշներն ավելի մեծ շանսեր ունեն՝ նախկինում իշխանությունների մեջ եղած մարդիկ, նախկինում իշխանության հանցագործություններին ու թալանին մասնակից մարդիկ, ժողովրդի առջեւ ոչ իրական եւ անկեղծ դիրքերից հանդես եկող մարդիկ: Նրանք ինչպե՞ս կարող են հույս ունենալ, իսկ մենք հույս չունենանք: Իհարկե, պետք է հույս ունենանք, հույսը վերջինն է մահանում, իսկ քաղաքական իրականությունում միշտ էլ պետք է գնալ պայքարի՝ վճռական հաղթանակի ակնկալիքով»:

Մամուլում շրջանառվում է, որ ՀԱԿ-ը ֆինանսապես շատ է կաղում եւ այս օրերին հովանավորներ է փնտրում: Ու հովանավորների փնտրտուքները ՀԱԿ-ին տարել են Գուրգեն Արսենյանի մոտ, որը հնարավոր է՝ ընդգրկվի ՀԱԿ ցուցակում: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Դուք դրան, որ ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արսենյանը հիմա էլ ՀԱԿ ցուցակ է մտնում, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Քաղաքական այն ուժերը, որոնք չունեն սեփական ռեսուրսներ, չեն զբաղվում բիզնեսով, չեն եղել բյուջեի թալանի մասնակիցներ, չեն զբաղվել մաքսերի չվճարումով, ապրանքների ներկրումով եւ դրանք մենաշնորհային բիզնեսի վերածելով… մենք մաքուր կոււսակցություն ենք, քաղաքական մեր դիրքորոշումը միշտ կայուն պահպանած, երբեք քաղաքականությունն ու բիզնեսը միմյանց չենք խառնել, երբեք չենք եղել գոնե վերջին տարիներին, երբ ՀԱԿ դաշինքը ձեւավորվեց, որեւէ մեկը բիզնեսով չի զբաղվել, իշխանության մեջ չի եղել: Իհարկե, ընտրությունները նաեւ ռեսուրսների անհրաժեշտություն են թելադրում, առանց դրա հնարավոր չէ քարոզչություն իրականացնել, գոնե նվազագույն ռեսուրսներ անհրաժեշտ են շտաբների ձեւավորման համար, տեղից տեղ շարժվելու, տրանսպորտային ծախսերի համար: Այդ փնտրտուքը շատ նորմալ է: Եթե Գուրգեն Արսենյանը լինելու է մեր ցուցակում, եթե դա ճիշտ է, եւ նրան գտել են միայն դրա համար, ապա կարծում եմ՝ Գուրգեն Արսենյանը պետք է որ ճիշտ կողմնորոշված լինի՝ որտեղ լինել: Իսկ եթե լինելու հետ միաժամանակ նաեւ ռեսուրսներ կտրամադրի՝ դա նորմալ, ողջունելի, ընդունելի քայլ է: Կարծում եմ՝ մեր հակառակորդները պետք է համակերպվեն դրա հետ, որ վերջապես մենք էլ ինչ-որ ռեսուրս կունենանք՝ շտաբ ունենալու համար»:

Զոյա Թադեւոսյանն ասաց, որ ՀԱԿ-ը միշտ քաղաքական դաշտում համեստ կարգավիճակով է եղել, երբեք չի արել այնպիսի ծախսեր, որ աչք ծակի, բայց միաժամանակ շատ ճաշակով քարոզչություն է արել:

Մեր հարցին՝ Դուք խոսեցիք այն քաղաքական գործիչների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ իշխանության մեջ են եղել եւ դրանով վարկաբեկվել են, բայց այն, որ Գուրգեն Արսենյանն էլ ԲՀԿ-ի միջոցով պատգամավոր է դարձել, հիմա էլ հնարավոր է՝ ՀԱԿ ցուցակ մտնի, դա նորմա՞լ է, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Գուրգեն Արսենյանը ԲՀԿ-ում եղել է, բայց չի վարկաբեկվել, անկեղծ ասած: Ես իր վարկաբեկված վիճակը չեմ տեսել: Գոնե իր քաղաքական ելույթները ԱԺ-ում եղել են միշտ խիստ, քննադատական: Եվ հետո՝ ես չեմ նկատել, որ ինքը երբեւէ քաղաքական խաղերին մասնակից լինի՝ ներքին քաղաքական կուլիսներում, ես այդպիսի բան չեմ նկատել: Հակառակ դեպքում, եթե անձը քաղաքական դաշտում իրեն պահում է ոչ պարկեշտ, ես դրան շատ սուր եմ արձագանքում»:

Մենք հիշեցրինք, որ 2014-ին, երբ ՀԱԿ-ը շատ ջերմ հարաբերությունների մեջ էր ԲՀԿ-ի հետ, տիկին Թադեւոսյանը շատ մեծ հույսեր էր կապում Գագիկ Ծառուկյանի հետ, ասում էր, որ մեր երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն եւ իշխանափոխություն կարող է անել հենց Ծառուկյանը: Նույնիսկ հայտարարել էր, որ «ԲՀԿ-ն իրոք այն քաղաքական ուժն է, որ վերանայելով նախկին իր դիրքորոշումները՝ այսօր ամուր կանգնած է ժողովրդի կողքին»: Այս առնչությամբ Զոյա Թադեւոսյանը արձագանքեց. «Դրական էի մոտենում, որովհետեւ վստահ էի, որ Ծառուկյանը իմ պատկերացրածն է: Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությանը մաս կազմելով, լինելով իշխանությունը ներկայացնող անձ՝ Ծառուկյանը հանկարծակի որոշեց իրականում ընդունել մեր նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու մասին: Նրա որոշումը ինձ մոտ թողեց քաջ մարդու տպավորություն: Ես կուզեի, որ իրականում այդ տպավորությունը լիներ կայուն կարծիք, եւ վերջում մենք գայինք այդ հեղափոխության արդյունքներին, այսօր էլ կունենայինք ուրիշ Հայաստան: Բայց, ցավոք, տպավորությունը մնաց տպավորություն: Ես տարբեր ընկերներ ունեի ԲՀԿ-ում, որոնց հարցնում էի՝ կգնա՞ ինքը մինչեւ վերջ: Ես նույնիսկ նախավերջին օրն էլ եմ հարցրել՝ ինքը կարո՞ղ է հետքայլ անել, ասում էին՝ չի լինի նման բան, բայց եղավ»:

Մեր հարցին՝ հիմա պատկերացնո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ համագործակցություն՝ հանուն իշխանափոխության, թե՞ էլ իր անկեղծությանը չեք հավատում, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Չգիտեմ, ասում են՝ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, իսկ անխելքները՝ սեփական»:

Հարցին՝ առկա դաշինքների մեջ Դուք ՀԱԿ-ին մրցակից տեսնո՞ւմ եք՝ Ծառուկյանի դաշինքը, Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքը, «Ելքը», Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես գաղափարի դաշինք չեմ տեսնում ընդհանրապես: Կարծում եմ՝ ԱԺ ընտրություններում պետք է գաղափարական պայքար լինի, բայց քաղաքական գաղափարական դաշինքներ չեմ տեսնում: Հետեւաբար անտարբեր եմ, ինձ համար բացարձակ միեւնույն է, թե ինչ դաշինքներ են ձեւավորում, ինչ նպատակով»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728