Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվան հիացած է Ալիեւի «խաղաղության հարթակով»

Փետրվար 10,2017 12:00

Ռուսաստանի ԱԳՆ-ն «բարձր է գնահատում» Բաքվի կեղծ «խաղաղասիրական» հարթակը

Հայաստանյան մամուլի ուշադրությունից դուրս է մնացել մի ուշագրավ փաստ: Փետրվարի 3-ին կայացել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում նա խոսել է ԼՂ խնդրի առնչությամբ, այս հատվածը լուսաբանվեց մեր մամուլում:

Սակայն նրան հարց են ուղղել նաեւ դեկտեմբերին Բաքվում մեկնարկած` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակի» վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ հարցն ադրբեջանցի լրագրողի կողմից է հնչել:

Ինչպես հայտնի է, Բաքուն արդեն տեւական ժամանակ է՝ «գովազդում» է այդ հարթակի գործունեությունը` այն ներկայացնելով որպես «խաղաղասեր» Ադրբեջանի նախաձեռնություն: Ահա, լրագրողը հետաքրքրվել է, թե «ինչպե՞ս է Ռուսաստանի ԱԳՆ-ն վերաբերվում ժողովրդական դիվանագիտությանը, այն կնպաստի՞ ԼՂ կարգավորմանը»:

ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված սղագրությունից պարզ է դառնում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «խաղաղասեր» Ալիեւի ստեղծած կեղծ հարթակի վերաբերյալ: Զախարովան պատասխանել է բառացիորեն հետեւյալը. «Ինչ վերաբերում է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակի» ստեղծմանը, ապա պետք է պատասխանել ընդհանուր առմամբ: Նման «հարթակներ» եւ նախաձեռնություններ գոյություն ունեն: Մենք բարձր ենք գնահատում ժողովրդական դիվանագիտությունը, որն ուղղված է հակամարտությունների կարգավորմանը: Նրա կարեւոր առաքելությունն է արմատավորել հակամարտող երկրների հասարակական շրջանակներում փոխզիջումներով խաղաղ կարգավորման գիտակցումը, որ դրան չկա այլընտրանք: Մենք ելնում ենք դրանից, որ ցանկացած նախաձեռնություն պետք է առաջին հերթին ուղղված լինի հենց դրան: Ողջունում ենք ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որ իր առջեւ դնում է հենց այդ խնդիրը»:

Նախ` սկսենք նրանից, որ դա ամենեւին էլ «քաղաքացիական նախաձեռնություն» չէ: Ադրբեջանի իշխանությունները տարբեր մակարդակներով մի քանի անգամ հստակ հայտարարություններով են հանդես եկել, որոնցից պարզ երեւում է, որ այդ նախաձեռնությունը իշխանական է, քանի որ վայելում է իշխանության աջակցությունը` ի տարբերություն նախկինում ժողովրդական դիվանագիտության ադրբեջանցի ներկայացուցիչների, որոնք հայտնվեցին բանտերում, ապա լքեցին Ադրբեջանը:

Դեռ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք այն փաստին, որ ռուսական կողմից այդ հարթակին աջակցելը ոչ միայն տարօրինակ չէ, այլեւ օրինաչափ է: Վստահաբար, ոչ պատահականորեն ու ոչ էլ միամտաբար Ալիեւի` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը» պաշտպանեցին այնպիսի ռուս գործիչներ, ինչպիսիք են «Գրիբոյեդով» ակումբի կուրատոր Դմիտրի Կիսելյովը, ՌԴ դաշնային խորհրդի` արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը:

Կիսելյովն այդ հարթակի ստեղծումը «շատ լավ գաղափար» էր անվանել ու նշել էր, թե` «ողջ ոգով աջակցում է»: Կիսելյովը համոզմունք էր հայտնել,
թե ադրբեջանցիներն ու հայերը վաղուց պետք է անցնեին այդ խնդրի լուծմանը. «Հաշտության ցանկացած նախաձեռնություն պետք է ողջունել: Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են երբեմնի բարեկամ ժողովուրդները պատերազմում միմյանց դեմ: Ես ոչ միայն աջակցում եմ, այլեւ ողջունում եմ այդ հարթակի ստեղծումը եւ իմ մասով պատրաստ եմ ցանկացած աջակցություն ցուցաբերել: Կարծում եմ՝ ով ցանկանում է խաղաղություն, պետք է աջակցի քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին՝ ուղղված հայերի եւ ադրբեջանցիների հաշտությանը»: Իսկ ՌԴ դաշնային խորհրդի` արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը հարթակը «հիանալի գաղափար» էր անվանել: Նա էլ նշել էր, թե որքան լավ է, որ քաղաքացիական հասարակությունը այդպիսի քայլի է դիմում, ու «եթե երկու ժողովուրդները նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ երկխոսեն, ԼՂ խնդիրն ավելի արագ կկարգավորվի»:

Որ այս մարդիկ առանց Կրեմլի «դաբրոյի» հանդես չէին գա նման հայտարարություններով` պարզ էր դեռ այն ժամանակ: Այժմ կարող ենք արձանագրել նաեւ, որ Զախարովայի մեկնաբանությունները հիմք ընդունելով՝ Ռուսաստանն արդեն պաշտոնապես է պաշտպանում Ալիեւի կեղծ` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը»:

Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու Զախարովային ապրիլյան պատերազմի մասին են հարց ուղղում` նրանք երբեք Ադրբեջանին որպես ապրիլյան պատերազմ սանձազերծած կողմ չեն մատնանշում: Երբ հարցնում են միջնորդների` հետաքննության մեխանիզմների ներդրման մասին եւ այդ գաղափարին, կոչին ոչ մի կերպ համաձայնություն չտվող Բաքվի ապակառուցողական կեցվածքի մասին, Լավրովն ու Զախարովան կրկին չեն դատապարտում Ալիեւի պահվածքը:

Բայց երբ հարց են տալիս Ալիեւի կեղծ «խաղաղասիրական» հարթակի մասին, որում «ընդգրկվել» են այնպիսի հայեր, որոնք Հայաստանի հանրությանը անհայտ են, ապա պաշտոնական Մոսկվան նման «հարթակի ստեղծումը» բարձր է գնահատում ու ողջունում` այն համարելով «փոխզիջումներով խաղաղ կարգավորման գիտակցումն արմատավորող» քաղաքացիական նախաձեռնություն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 09.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728