Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան ավելացել է, թմրամիջոցների ու պետական իշխանությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ եւս

Փետրվար 10,2017 15:30

Տարեցտարի ավելանում են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղվող միջոցներն ու ռեսուրսները, կոռուպցիայի դեմ պայքարելու համար նորանոր խորհուրդներ են բացվում, սակայն կոռուպցիոն հանցագործությունների թիվը ոչ թե պակասում, այլ ավելանում է: Նման դեպքերում իրավապահներն արդարանում են, թե բացահայտումն է ավելացել, սակայն եթե հանցագործությունը չլինի, բացահայտման համար դեպք էլ չի լինի:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2015-ի համեմատությամբ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 43 դեպքով ավելացել է: 2016-ին կոռուպցիայի 659 դեպք է գրանցվել, դրան նախորդող տարում` 616: Այդուհանդերձ, անցյալ տարի կաշառք տվողների թիվը 2015-ի համեմատությամբ պակասել է` այդ տարի արձանագրված 97-ից դառնալով 71:

Ի դեպ, անցյալ տարի ավելի քիչ չինովնիկ է պաշտոնեական լիազորությունները չարաշահել, քան դրան նախորդող տարում:

136 պաշտոնյա 2016-ին է լիազորությունները չարաշահել, 2015-ին` 168 պաշտոնյա է այդպես վարվել:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ընդհանուր առմամբ անցյալ տարի ավելի շատ է հանցագործություն կատարվել, քան 2015-ին: Այդ տարի 17 հազար 43 հանցագործություն է տեղի ունեցել, 2016-ին` 18 հազար 764: Այսինքն` 1721-ով ավելի: Դրանցից ծանր հանցագործությունները կազմել են 3 հազար 82-ը, ինչը 156-ով պակաս է 2015-ին կատարված ծանր հանցագործություններից: Փոխարենն աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 2015-ին 165-ից անցյալ տարի դառնալով 198:

Սպանության փորձը եւս աճ է գրանցել՝ 2016-ին ավելանալով 14 դեպքով: 2015-ին 52 սպանության փորձ է եղել: Երկու դեպքով պակասել է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը: Անցյալ տարի 118 դեպք է արձանագրվել, 2015-ին` 120:

Բռնաբարության փորձը, սակայն, պակասել է՝ նախանցյալ տարում գրանցված 39-ի փոխարեն 2016-ին դառնալով 25:

11 դեպքով խուլիգանության դպքերի թիվն է աճել է: Եթե 2015-ին 184 խուլիգանություն է կատարվել, ապա անցյալ տարի՝ 195:
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները եւս ավելացել են` 2015-ին արձանագրված 932-ից անցյալ տարի հասնելով 1008 դեպքի: 1008-ից 1002-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն են, որոնք 76-ով ավելի են 2015-ին գրանցված դեպքերից:

Կտրուկ աճել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը: 2015-ին 7 հազար 328 դեպք է գրանցվել, անցյալ տարի` 413-ով ավելի: Սակայն անցյալ տարի, 2015-ի համեմատությամբ, պետական կամ հանրային գույք ավելի քիչ են հափշտակել: Նախորդ տարի մեկ դեպքով խարդախությունն է պակասել` 8-ից դառնալով 7 դեպք: Կողոպուտի դեպքերի թիվը, սակայն, 18 դեպքով ավելացել է:

Կտրուկ աճել է նաեւ գողությունների թիվը. անցյալ տարվա 5 հազար 294-ի փոխարեն 2016-ին դառնալով 5 հազար 616: Բայց պակասել են բնակարանային գողությունները. եթե 2015-ին 1369 բնակարան են թալանել, ապա անցյալ տարի` 1250:
Անցյալ տարի 8 դեպքով ավելի քիչ են ավտոմեքենա առեւանգել: Դեպքերի թիվը կազմել է 49:

Կտրուկ նվազել են նաեւ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը՝ 2015-ին գրանցված 371 դեպքից անցյալ տարի հասնելով 172 դեպքի:
Ուշագրավ է, որ 1500-ով անցյալ տարի ավելացել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները: Եթե 2015-ին ընդամենը 762 նման հանցագործություն է ոստիկանությունը գրանցել, ապա 2016-ին` 2 հազար 262:

Նշենք նաեւ, որ ծանր հանցագործությունների թվով առաջատարը Երեւանն է` 1786 դեպք, ապա Կոտայքի մարզը` 297, Արմավիրը, Արարատը: Ամենաքիչ ծանր հանցագործությունները Վայոց ձորի տարածքում են կատարվել` 16 դեպք: Առանձնապես ծանր դեպքերի թվով էլ առաջատարը Երեւանն է, ապա Կոտայքի մարզը: Ամենաքիչը կրկին Վայոց ձորում է գրանցվել` մեկ դեպք:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728