Լրահոս
Օրվա լրահոսը

24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս (Ֆոտոշարք)

Փետրվար 10,2017 15:00

Մի դատական գործով էլ վաճառելու են նրանց տունը՝
նրա բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար

Աստղիկ Մելքումյանին երեք օր առաջ այցելել էր ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջաթյանը՝ խորհրդատվություն տրամադրելու համար: Այցից հետո փաստաբանն ուշքի չի գալիս: Խնդիրը ոչ այնքան նրա նոր վստահորդի դատական ավարտված գործընթացին միջամտելու մասին է, որքան որ՝ առանց այս հիվանդ կնոջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բռնագանձում տարածելու «Նուռ» ընկերության օգտին հինգ հարյուր հազար դրամի պահանջի գործով:

Երեկ փաստաբանի հետ այցելել եմ Արաբկիր համայնքում հորական անշուք տանն ապրող միայնակ մորը: Կողքի փոքրիկ աթոռակին հինգ տարեկան աղջնակն էր, ամեն ինչից անտեղյակ՝ անձրեւանոց էր նկարում: Ծածկ:

Պարզվեց՝ Աստղիկը ծանր հիվանդ է, գամված է անկողնուն, քայլել չի կարող: Նրա մոտ առկա է սիստեմային սկլերոդերմիա, երկար կյանք չունի: Անկողնուն գամված կինը երկու տարի է, ինչ այս վիճակում է:

Իր պատմելով, առողջության հետ կապված խնդիր չի ունեցել: Ծննդաբերությունն անցել է նորմալ, առանց ցավերի: Ծննդաբերելուց վեց ամիս հետո ձգվել է ձեռքի մկանը, ապա՝ ոտքերը: Գնացել է բժշկի, ասել են, թե՝ սիստեմայից կարող էր լինել:

Ամեն մի այցը տասը հազար դրամ էր: Դրա համար «Նուռից» քարտ է վերցրել հարյուր քսան հազարի չափով: Գումարը պարտաճանաչ տվել է: Հետագայում չի կարողացել՝ կապված իր անաշխատունակ դառնալու հետ:

Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Դեղորայքը, բուժումներն արվել են մինչ օրս նրա անպաշտպան ընտանիքի հաշին: Սակայն ոտքերին բացվել են վերքերը, որից ոչ միայն արյուն է ծորում, այլ՝ որդեր…

Ի դեպ, փոքրիկ սենյակը, ուր անվերջ մրսում էր Աստղիկը, չնայած փայտե վառարան էր վառվում, փտած մաշկի հոտն անտանելի էր:

Ցավերի պատճառով երկու տարի առաջ հայտնվել է Նոր Նորքի հիվանդանոցում, ապա՝ «Էրեբունիում»:

Ամեն անգամ քառասունհինգ հազար դրամ գումար է տալիս՝ տրամադոլ գնելու, սրսկելու համար:

Տասն օր պառկել է «Էրեբունի» հիվանդանոցում, ապա եկել է տուն: Իր պատմելով՝ խորհուրդ են տվել դիմել Աբովյանում ապրող հեքիմի՝ Ռազմիկին: Նա երեք հազար դոլար գումար է ուզել բուժելու համար, որը, քրոջ ամուսինը վաճառելով իր մեքենան, բերել-հասցրել են հիվանդին: Սոսկալի են դարձել ցավերը, ոտքերն ավելի են արյունոտվել, մաշկն ավելի բացվել:

Հրաժարվել է բուժումից, նաեւ դիմել Կոտայքի մարզի հետաքննիչ Վիգեն Մեհրաբյանին: Գործ չի հարուցվել:

Թե հետաքննիչի մոտ, թե դատական ատյաններում մահվան դուռը գնացող կնոջը որեւէ իրավական աջակցություն ցույց տվող չի եղել, առանց նրա դատարանը բռնագանձման հարց է քննել:

Այս ողբերգական կացության ելքերից մեկը հիվանդին պետպատվերով տեղափոխելն է բուժհաստատություն, նրան առաջին կարգ տալը, եւ հետաձգելը բռնագանձման կատարումը, քանզի անսպասելի նման կացության մեջ գտնվողի գումարը հաստատապես կուլ չի գնա, եթե անգամ այդ գումարը գտնվի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728