Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ «դաբրո» տվե՞լ են, որ դպրոցի տնօրեն դառնաս»

Փետրվար 10,2017 14:30

Թիվ 80 դպրոցի ուսուցիչը ռիսկի է դիմել ու գործող տնօրենի հետ
նույն «աթոռի» համար մրցույթի մասնակցել

Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցում լարված մթնոլորտ է: «Առավոտի» հետ զրույցում այդպես է նշում նույն դպրոցում 20 տարի աշխատած պատմության ուսուցչուհի Կարինե Քոչարյանը (լուսանկարում): Տիկին Քոչարյանը, պարզվում է, «հանդգնել» է գործող տնօրեն Ռիտա Արսենյանի հետ մասնակցել դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթին: Մրցույթը կայացել է հունվարի 31-ին, արդեն 18 տարի դպրոցը ղեկավարող տնօրենը հավաքել է 8 ձայն, իսկ Կարինե Քոչարյանը՝ 0: Վերջինս պնդում է, որ կառավարման խորհուրդը սուբյեկտիվ եւ ոչ անաչառ է եղել, քանի որ որպես տնօրենի թեկնածու՝ դպրոցի զարգացման իր ծրագիրը չէր կարող ձայն չհավաքել, ինքը տարակարգ ստացած մասնագետ է, հոդվածներ ունի մասնագիտական հանդեսներում ու ծրագիրն էլ, իր համոզմամբ, բավականին հեռանկարային է եւ իրատեսական: «Երբ փաստաթղթերս ներկայացնում էի մրցույթին մասնակցելու համար, խորհրդի նախագահ Կարինե Հարությունյանը, որը հենց ինքը պետք է լիներ անաչառ, ասաց, թե բարոյական չէ գործող տնօրենի հետ մրցելը: Տնօրենն էլ բարձրաձայնեց, որ կան չգրված օրենքներ, որոնց պետք է ես ենթարկվեմ, ասաց՝ պետք է «դաբրո» ունենաս, որ կարողանաս մասնակցել մրցույթին, արդյոք որեւէ շանս, դաբրո ինձ տրվե՞լ է…Հիմա ես ուզում եմ վարչապետի ուշադրությունը սեւեռել այս հարցին:

Եթե մեր երկրում կան չգրված օրենքներ, եթե կան «դաբրո» տվողներ, մենք էլ իմանանք դրա մասին, վերջապես մանկավարժներս ենք քաղաքացիական հասարակություն կերտում, խոսում ազատ քաղաքացու, վաղվա սերնդի դաստիարակության մասին»,- տարակուսանք հայտնեց պատմության ուսուցչուհին, որը չի նահանջելու իր իրավունքները պաշտպանելու եւ իրացնելու առումով, թեեւ իր պնդմամբ, վերջին օրերին էլ ավելի է ուժեղացել լարվածությունը դպրոցում:

Տիկին Քոչարյանը հավաստիացրեց, որ արդարության հասնելու ճանապարհին դիմելու է բոլոր օղակներին, իսկ հաջողության չհասնելու դեպքում՝ փորձելու է իրավունքները վերականգնել դատարանի միջոցով: «Աշխատատեղում արժանապատիվ աշխատանքի իրավունք ունի յուրաքանչյուրը, իսկ տնօրենը իմ դեմ է տրամադրել կոլեկտիվին: Եթե միայն ինքը կարող է տնօրեն դառնալ, մենք՝ ոչ, այդ դեպքում թող կարգը փոխեն: Ես գործել եմ օրենքով սահմանված կարգով, Սահմանադրությամբ խախտում չեմ արել, այժմ էլ իմ սահմանադրական իրավունքն եմ պաշտպանում: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Անգամ երեխաներին են իմ դեմ տրամադրել: Թիվ 80-ը թաղամասի դպրոց է, եւ ամեն մի շարժում անգամ երեխան է նկատում, իսկ ես սկսնակ ուսուցիչ չեմ, որ ոչինչ չնկատեմ: Իմիջիայլոց, երբ հունվարի 19-ին տարա գործերս ներկայացնելու, տնօրենը այսպիսի արտահայտություն արեց, թե երեխաներն ինձ չեն սիրում, նկարել ու տեսանյութը ներբեռնել են համացանցում: Լավ, եթե չհասկացող երեխաները դա արել են, ինքը որպես ղեկավար, օրենքից եւ Սահմանադրությունից հասկացող մարդ պետք է երեխաներին սաստեր, ինչո՞ւ դա չի արել»,-ասում է Քոչարյանը:

Դպրոցի զարգացման իր ծրագրի մասին խոսելիս տնօրենի մրցույթի հավակնորդը պատմեց. «Իմ ծրագրում առաջին հերթին շեշտադրել էի վարչարարությունը, արդյունավետ կառավարումը, մանկավարժությունը եւ մեթոդիկան: Առանձին բաժիններով ներկայացրել էի: Մրցույթի ողջ գործընթացը պահանջեցի ձայնագրել, պահանջս չբավարարվեց: Մրցույթի ավարտից հետո, որին ներկա էր նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչը, ԿԳ նախարարության ներկայացուցիչը շնորհավորեց իրեն, իսկ ինձ էլ ցանկացավ ուրիշ դպրոցում փորձել: Ինքը (Ռիտա Արսենյանը-Գ.Հ.) արհամարհանքով ասաց՝ էս դպրոցն իր համար երազանք է, այդպիսի բան չի լինելու, իրեն չեն սիրում եւ չեն վստահում: Խորհրդի անդամների ներկայությամբ ինձ անգրագետ անվանեց…Ասաց, որ ինձ այլ դպրոցների գործող տնօրեններ հորդորել են, որ մեր դպրոցի գործող տնօրենի հետ չմրցեմ: Իրականում եղել է նման բան, բայց գոյություն ունի՞ նման չգրված օրենք, ասեք՝ ես էլ իմանամ: Նշանակում է՝ մեր հասարակությունում մեկը պիտի հավերժ տնօրինի, մյուսն էլ հավերժ ուսուցի՞չ մնա…

Ասում է, իբր ուրիշ դպրոցներից զանգում, ասում են՝ էդ ձեր ուսուցչին ինչի եք հանել-ուղարկել մեր դպրոց, որ մեզ հետ մրցի… Այո, ես ուրիշ դպրոցներում էլ եմ մասնակցել մրցույթի, դրա համար էլ է ինձ ծաղրուծանակի ենթարկում: Կոնֆլիկտային իրավիճակի պատճառ է հանդիսացել նաեւ իմ հավաստագրվելը: Ստացել եմ տարակարգ, ունեմ տպագրված «Պատմության դաս համակարգիչների եւ էլեկտրոնային գրատախտակի միջոցով» հոդված: 2014թ. այն տպագրվել է, աշխատանքն էլ իրականացրել եմ 2011-ին, կան ֆոտոփաստեր, բայց ինքն ասում է, որ նման աշխատանք չի եղել եւ կոլեկտիվին կարող է պարտադրել, որ ժխտեն, թե այսպիսի բան է եղել:

Ժամանակին չէր տալիս համապատասխան փաստաթղթերը, որ տարակարգ ստանամ, դիմել եմ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ տիկին Սողոմոնյանին, նրա հրահանգով նոր ինձ տրվել են համապատասխան փաստաթղթերը, եւ ես տարակարգ եմ ստացել: Ցավում եմ, որ փոխանակ կրթության զարգացման ու որակի խնդիրների, սերունդ կրթելու մասին մտածենք, աթոռի համար պայքար է գնում: Ի՞նչ անեմ, եթե իմ մեջ տեսնում եմ դպրոց ղեկավարելու ներուժը: Ի դեպ, դպրոցի զարգացման իմ ծրագրում շեշտել էի դպրոցում առկա հարազատական կապերը, նաեւ այն, որ ունենք ուսուցիչներ, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներին լավ չեն տիրապետում, ինչը նվազեցնում է արդյունավետությունը: Տնօրենը հրահրել է բոլորին ու ուղարկել ինձ մոտ: Չէ՞ որ ամեն օր կատարելագործվելու խնդիր ունենք, ինչի՞ մասին է խոսքը: Այժմ դատարան եմ պատրաստվում դիմել, դիմել եմ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, քաղաքապետին, վարչապետին: Տնօրենն ասում է, որ մինչեւ վերադասին բողոքների տեղ հասնելը, ինքն ամեն ինչ կարող է իմանալ ….Իմ արժանապատվությունը երեխաների եւ ուսուցիչների ներկայությամբ վիրավորվել է, այդ թաղամասի ապրող եմ, որեւէ մեկը չի կարող իմ իրավունքները ոտնահարել, ես պահանջում եմ հարգանքի վերականգնում եւ աշխատանքի արժանապատիվ իրավունք: 20 տարի սիրված եմ եղել, բայց երբ դարձա հավակնորդ, այդ ամենը ջնջվե՞ց…»,-ասում է Կարինե Քոչարյանը:

Կապվեցինք նաեւ դպրոցի տնօրեն Ռիտա Արսենյանի հետ: «Այդ տրամադրությունն իր նկատմամբ ինքն է ձեւավորել տարիների ընթացքում: Անհավասարակշիռ է, չի վայելում ոչ աշակերտների, ոչ ծնողների, ոչ էլ գործընկերների հարգանքը: Եթե գաք մեր դպրոց, կտեսնեք դպրոցում կատարվող աշխատանքը, ջերմությունը… Թող ինքը հարմարվի կոլեկտիվին, իր վերամբարձ ոճով ոչնչի չի հասնելու: Միայն մեր դպրոցում չի դրել իր թեկնածությունը, 15 օրում 3 դպրոցում է դրել, եւ երեք դպրոցում էլ ոչ մի ձայն չի շահել: Իսկ ես 8 ձայնով անցել եմ: Կարող եք գալ, ինձնով հետաքրքրվել: Ես այս թաղամասում եմ ծնվել, ուսուցիչ եմ աշխատել, հետո ուսմասվար, հետո դարձել եմ տնօրեն, ստեղծել եմ հրաշալի կոլեկտիվ, ջերմ մթնոլորտ»,-ասաց տնօրենը: Նա անդրադարձավ նաեւ Քոչարյանի նշած՝ դպրոցում տիրող հարազատական կապերին:

«Ինքը մեղադրում է նրանում, որ դպրոցում աշխատում են երկու քույրեր, մայրը՝ աղջկա հետ: Եթե փոխտնօրենն ինձանից առաջ է ընդունվել դպրոց, հետո ես՝ կարմիր դիպլոմով համալսարանն ավարտած աշակերտուհուս ես եմ հրավիրել, շա՞տ վատ բան եմ արել: Ինչ վերաբերում է երկու քույրերին, նրանք լավ մասնագետներ են, պատկերացրեք՝ թաղում ծնողներն այնպես են ծննդաբերում, որ այդ քույրիկների դասարանում լինեն երեխաները»,-հայտնեց Ռիտա Արսենյանը:

Հարցրինք ՝ մի՞թե չի կարող մարդը գործող տնօրենի հետ մասնակցել մրցույթի, եւ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ տնօրենը Կարինե Քոչարյանին ասել է՝ «դաբրո ունե՞ս տնօրեն առաջադրվելու համար»: «Ինքը սուտ է ասում, նման արտահայտություն չի եղել, ունի՞ վկա, որ նման բան եմ ասել: Ընդամենն ասել եմ, որ ուրիշ դպրոցներում անհարմար է դնելը, այդ դպրոցներին ծանո՞թ եք, այդ դպրոցների զարգացման ծրագիր գրելու համար պետք է ուսումնասիրած լինեք այդ դպրոցի աշխատանքը: Իհարկե, կարող է մարդը դնել իր թեկնածությունը գործող տնօրենի հետ, բայց այն դեպքում, եթե ունի հեղինակություն, հարգանք: Ուսուցիչներից ոչ մեկը, մանավանդ երիտասարդները չեն աշխատի իր հետ: Մինչեւ հիմա լռել ենք, արդեն կոլեկտիվն էլ է գրելու իր մասին: Այն օրն էլ երեխաների վրա է հարձակվել, ժամացույցները խլել, ինքը լուրջ խնդիրներ ունի: Ինքն անգամ մի կաբինետ չունի պատմության, ձեռք է բերել մեկ-երկու մեդալ-մուդալ, որի ձեռքբերման ճանապարհը շատ լավ գիտենք:

Ռազմահայրենասիրությունից է խոսում, տվել էինք, որ Անդրանիկի նկարը փակցնի կաբինետում, հետո հանեցինք պահարանի հետեւից՝ վրան չորս մատ փոշի»,-հավելեց տնօրենը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Naira says:

    Уважаемая журналистка мне очень интересно Ваша опубликованная статья основана на фактах или истории учительницы, которая не знает как заработать деньги. Я думаю Вам необходимо навестить школу N 80 и поговорить и с детьми, и с коллективом и с родителями. Я как родитель первокласника скажу Вам, что такой директрисы как Арсенян нужно поискать. Надеюсь, что этот инцидент будет исчерпан в пользу Арсенян Риты.

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Naira, հոդվածում ներկայացված է երկու կողմերի տեսակետը: Եվ տիկին Արսենյանը, եւ տիկին Քոչարյանը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց փաստարկները: Ինչ վերաբերում է դպրոց գալուն, ուսուցիչներին եւ ծնողներին լսելուն, դրա կարիքը չկա: Փորձը ցույց է տալիս, որ ծնողները, որոնց երեխաները դպրոցում են եւ ուսուցիչները, որոնք աշխատում են տվյալ տնօրենի ենթակայության ներքո, բնականաբար պետք է միմիայն գովեստի խոսքեր հնչեցնեն տնօրենի հասցեին: Նյութի հերոսներինց ոչ մեկին, ոչ էլ մյուսին անձամբ չեմ ճանաչում: Շատ կուզենայի, որ հրապարակումս լիներ ոչ թե հակամանկավարժական կրքերի, այլ դրական ու բարի միջոցառման կամ դպրոցի աշակերտների, ուսուցիչների հաջողությունների մասին:
      Հարգանքով` Գոհար

      • Տաթևիկ says:

        Հարգելի Գոհար, ցավում եմ, որ նման կարծիքի եք մանկավարժների մասին: Հավատացեք՝ մենք ունենք սեփական դատողություններ անելու ունակություն, սեփական միտք և բավականին բարձր բարոյական արժեքներ, որպեսզի կարողանանք տարբերել ճիշտը սխալից, լավը վատից… Համոզված եղեք, որ եթե տիկին Արսենյանը չլիներ իսկապես սիրված և հարգված մարդ, այսօր ոչ աշակերտները, ոչ ծնողները, ոչ էլ մանկավարժները նրա կողքին կանգնած չէին լինի… Ախր կիլիկիացիները շատ ճշմարտասեր ու պատվախնդիր մարդիկ են… Դուք պարտավոր էիք վարել Ձեր լրագողական հետաքննությունը, ամեն դեպքում… Իսկ եթե ուզում եք գրել ուրախ միջոցառումների և մանկավարժական ձեռքբերումների մասին, ապա մեծ սիրով Ձեզ հրավիրում ենք 80 դպրոց, նման միջոցառումների պակաս այստեղ չկա, և վստահ եմ, որ կհեռանաք դպրոցից լավագույն ու ջերմագույն տպավորություններով:

  2. Tatev says:

    Հարգելի Գոհար, ասում եք, որ դպրոց գալը անիմաստ է քանի որ այնտեղ բոլորը տնօրենի ենթակայության տակ են, իսկ ես հիմա Ձեզ գրում եմ սրտի մեծ ցավով որպես այդ դպրոցի 7 տարվա շրջանավարտ: Ցավալի է, երբ տեսնում եմ, որ սեփական ամբիցիաների բավարարման համար ուսուցչուհիներից մեկը ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ պահվող դպրոցի անունը փորձում է արատավոր էլ: Ցավալի է, երբ մարդիկ չեն ընկալում, որ <> ուսուցիչը այլ բան է և միանգամից 3 դպրոցում առաջադրվողը՝ լրիվ այլ, ավելի կոնկրետ ՙՙ Տնօրենի փառքի մոլուցքով տառապող անձ՛՛ : Չեմ համարում, որ այնքան ոչ լիբերալ կգտնվեք, որ այս կորեկտ մեկնաբանությունը ջնջեք, կամ իմ անձնական տվյալները որևէ մեկին տրամադրեք, բայց նաև եղեք գիտակից, որ ժողովրդավար երկրում ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ իր ազատությունը ընդունում է որպես ՊԱՐՏԱԿՆՈՒԹՅՈՒՆ ժողովրդին իրազեկելու և ոչ թե ապակողմնորոշելու տեսանկյունից: Մնացեք բարիավ !!! Կեցցե 80 դպրոցի ողջ անձնակազմը, որ նման մարտահրավերները այդպիսի համեստ կերպով է ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728