Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի կառավարումը՝ գիտականորեն եւ «փաստերով»

Փետրվար 10,2017 14:00

Տնտեսագետ փոխտնօրենի դիտարկումները

Օպերային թատրոնը, որ թանկ հաճույք է ցանկացած՝ նույնիսկ բարեկեցիկ երկրի համար, տարբեր կերպ է կառավարվում: Յուրաքանչյուր կադրային փոփոխություն, ըստ էության, ենթադրում է զարգացման միտում: Ընդ որում՝ դա որքան հուզում է մասնագիտական դաշտին, այնքան քիչ է հետաքրքրում հանդիսատեսին:

Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում դիրիժոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Ներկայացրեց նաեւ տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանին (լուսանկարում):

Մինչ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթը ստանձնելը, «Առավոտը» (02.02.2017թ.) զրուցել էր մաեստրոյի հետ, ինչի առիթով արվեստագետների արձագանքները միանշանակ դրական էին: Եթե մինչ ընթացիկ թատերաշրջանի ավարտն ու տարեվերջ իրականացվեն պարոն Օրբելյանի նախագծերը, ապա տարին թատրոնի համար կլինի պրեմիերառատ:

Հիշեցնենք միայն մեկ փաստ, որը վաղուց ընդունված աշխատաոճ է հեղինակավոր թատրոններում, սակայն առաջին անգամ է կիրառվում մեր թատրոնում. անվանի երաժիշտը համաձայնություն է ձեռք բերել Լիտվայի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ՝ մի քանի օպերաների՝ Վերդի՝ «Էրնանի», Վագներ՝ «Լոնգրին», Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին» եւ Յոհան Շտրաուս որդու «Չղջիկը» ներկայացումների դեկորներն ու զգեստները մեր թատրոնում օգտագործելու մասին:

Զրույցի ընթացքում պարոն Օրբելյանը կարեւորեց թատրոնի, իր խոսքերով՝ տնտեսության կառավարումը, առանց որի հնարավոր չէ իրագործել եւ ոչ մի ծրագիր:
Մենք հանդիպեցինք տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ: Խնդրեցինք ներկայանալ լայն հասարակությանը, ինչու ոչ՝ մշակույթի մարդկանց, քանի որ իր անունը չի զուգահեռվել այս ոլորտի հետ:

Մասնագիտությամբ տնտեսագետ տիկին Կիրակոսյանը հայտնեց, որ 1990-ից գործունեություն է ծավալել տնտեսական բարեփոխումների եւ սեփականաշնորհման կառավարական հանձնաժողովի կազմում, որը միտված էր պլանային տնտեսության կարգավորող օրենսդրությունը վերափոխելու շուկայական տնտեսության օրենսդրության: Մեր զրուցակիցը մինչեւ 2004թ. հանդիսացել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, այնուհետեւ մինչեւ 2011-ը՝ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ, իսկ 2013-ից մինչ վերջերս՝ «Անելիք» բանկի աշխատակազմի ղեկավար:

Դիտարկմանը՝ զբաղեցնել տնօրենի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը, այն էլ օպերային թատրոնում, բացի մասնագիտականից (Կարինե Կիրակոսյանը տնտեսագիտության թեկնածու է, անգլերենից թարգմանել է 4 մասնագիտական գիրք), ենթադրում է նաեւ ոլորտի խորքային իմացություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տնտեսագիտության ոլորտում գոյություն ունի համեմատաբար նոր ճյուղ՝ մշակույթի տնտեսագիտություն, որը սկզբնավորվել է 20-րդ դարի 60-70-ականներին: Գիտնականները ուսումնասիրության արդյունքում հաստատել են այն փաստը, որ մշակույթում, մասնավորապես՝ կատարողական արվեստում, «պրոդուկտի» ստեղծման վրա որոշակի ժամանակահատվածում ծախսվող աշխատանքն անփոփոխ է: Հնարավոր չէ, օրինակ, կատարողական արվեստում բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ առանց վերջնական արդյունքը վնասելու: Սա տնտեսագիտության մեջ անվանում են Բաումոլի հիվանդություն: Կարճ ասած՝ չի կարելի մշակութային «պրոդուկտին» վերաբերվել այնպես, ինչպես սովորական ապրանքին, խնդիրներին պետք է մոտենալ գիտականորեն»:

Տարբեր երկրներում տարբեր մոտեցում է ցուցաբերվում դասական արվեստին: Օրինակ՝ Նորվեգիայում օպերային թատրոնը ղեկավարվում է հանրային շինարարության եւ գույքի տնօրինության կողմից կամ՝ Գերմանիայի երկպալատ պառլամենտը գործուն մասնակցություն է ունենում թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում: Վերջին շրջանի հայտնի դեպքերից են, երբ պարբերաբար կրկնվող ֆինանսական ճգնաժամերի պատճառով գերմանական երկու տարբեր քաղաքների փակման եզրին կանգնած թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին: Նույնիսկ 2014թ. Մետրոպոլիտեն օպերայի նման օջախը կանգնեց սնանկացման եզրին, այն դեպքում, երբ բյուջեն կազմում էր 327 մլն դոլար: Իսկ թե ինչպես դուրս եկավ այդ վիճակից հանրահայտ օպերային թատրոնը, ժամանակին մեզ հետ զրույցում թատրոնի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերն ընդամենն ասել էր՝ գրագետ եւ արդյունավետ կազմակերպչական աշխատանքների շնորհիվ: Ասվածի կապակցությամբ Կարինե Կիրակոսյանը նշեց, որ յուրաքանչյուր պետություն, իսկապես, իր մոտեցումն ունի եւ տարբեր եղանակներով է աջակցում թատրոններին: Նրա խոսքերով՝ այն գումարները, որ հատկացված են պետբյուջեով, պետք է արդյունավետ ծախսել, խստորեն հետեւել ֆինանսական կարգապահությանը. «Օրինակ, Ռուսաստանում մշակույթի ոլորտը ուղղակի Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում է գտնվում, ընդ որում՝ մեծ պարտավորություն է իր վրա կրում այդ երկրի երկպալատ պառլամենտը, որը օրինաստեղծ գործունեությունից բացի, հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում այն նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային միջոցառումներին եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես Դումայի կողմից գնված տոմսեր եւ ոչ թե հրավիրատոմսեր…

Իսկ, օրինակ, Լեհաստանում, որտեղ բավական զարգացած թատերական կյանք կա, պառլամենտի նախաձեռնությամբ եւ ֆինանսական մասնակցությամբ աշխատավարձերի հետ պարգեւավճարի կարգով ամեն ամիս տրվում են ներկայացումների ու դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ, զարգացող թատերական կյանք ունենալու բուն երաշխիքն է»: Տիկին Կիրակոսյանը ժպտալով հավելեց, թե ժամանակ առ հետո՝ հաջորդ հանդիպմանն արդեն կարող է փաստերով խոսել մեր օպերային թատրոնին վերաբերող ցանկացած հարցի առիթով: Հիշեցրեց էլ, որ ինքն ընդամենը 1-2 օր է՝ ինչ թատրոնում է եւ սկսել է ծանոթությունը տարբեր օղակների հետ: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ չի՞ պատրաստվում ծանոթությունից հետո անցում կատարել սեփական կադրային փոփոխությունների, Կարինե Կիրակոսյանի պատասխանը հակիրճ էր՝ «այն աշխատակիցները, ովքեր արդյունավետ աշխատում են, անհանգստանալու պատճառ չունեն»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728