«Մեկը վերցրո՛ւ, մյուսը դի՛ր»
Առաքելությունը. խթանել ընթերցանության մշակույթը գրքերի անուղղակի փոխանակման միջոցով:
«Փոքրիկ անվճար գրադարաններ» ծրագիրը մեկնարկվել է ԱՄՆ-ում՝ 2009 թվականին: Հիմա այն օրինական մի ծրագիր է, որի միջոցով հազարավոր փոքր անվճար գրադարաններ են տեղադրվել աշխարհի մոտ 40 երկրներում: Այս հարցազրույցի հերոսների՝ Լաուրի Ալվանդյանի ու Նինա Ռոմա Աղվանյանի շնորհիվ էլ այս ծրագիրը եկել է Հայաստան: Ամբողջ ծրագրի գաղափարն է հասարակությանը տրամադրել անվճար ու հասանելի գրքեր, այդ ձեւով իսկ կրթել մարդկանց ու զարգացնել նրանց մտածելակերպը: Կարելի է ասել, որ «Փոքրիկ անվճար գրադարաններն» արդեն համընդհանուր շարժում է դարձել:
-Լաուրի, ծրագրի իրականացման համար ո՞վ է աջակցել ձեզ:
Կարդացեք նաև
-Այն հիմնադրել ենք «Birthright Armenia»-ի օգնությամբ, որը երկուսիս համար էլ հարազատ է: Հետո թիմակցեցինք «Four Peaks Landscape + Architecture»-ին, որը 15 փոքր գրադարաններ ստեղծեց ու ձեւավորեց մեզ համար: Եվ, իհարկե, շատ ընկերներ ունենք, որոնք օգնեցին ներկել գրադարաններն ու գրքերով լցրին դրանք: Նրանք աջակցեցին մեզ ամբողջ ծրագրի ընթացքում:
-Ո՞րն է առաջին գիրքը, որ դրել եք առաջին գրադարանում:
– Ֆյոդոր Դոստոեւսկու «Խոնարհը»:
-Նինա, հե՞շտ էր Հայաստանում այս ծրագիրը կյանքի կոչել: Ի՞նչ խնդիրներ ծագեցին նախագծի իրագործման ընթացքում:
– Չեմ կարող ասել, որ շատ հեշտ էր ծրագիրն իրականացնելը: Սկզբում ուզում էինք ինքներս պատրաստել բոլոր գրադարանները, բայց դժվար էր գտնել անհրաժեշտ նյութերն ու պարագաները: Այդ պատճառով էլ որոշեցինք համագործակցել «Four Peaks Landscape + Architecture»-ի հետ: Դեռ բախվում ենք խնդիրների, ներառյալ՝ գրադարանների կոնկրետ վայրերի համար թույլտվություն ստանալը եւ գրադարաններում դրված գրքերի արագ սպառումը:
-Նինա, ո՞րն է փոքրիկ անվճար գրադարանների ապագան Հայաստանում:
-15 գրադարան ունենք ստեղծած, որոնցից միայն երեքն են դեռ տեղադրված: Հենց այդ 15 գրադարանները տեղադրենք Երեւանում, կմտածենք ամբողջ Հայաստանով ծրագիրը տարածելու մասին: Հույս ունենք՝ կկարողանանք Հայաստանի ամբողջ տարածքում տարածել փոքրիկ անվճար գրադարանները:
Հայաստանի փոքրիկ անվճար գրադարանները կարող եք գտնել Արամի փողոցում, Սիրահարների այգում եւ Տերյան 3ա հասցեում գտնվող «Էօն» հակասրճարանի մուտքի մոտ:
ՄԵԼԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Փոքրիկ անվճար գրադարաններ» ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ»
09,02.2017