Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է երեխաների ձեռքերը միշտ քրտնած

Փետրվար 10,2017 12:30

Հաճախ ծնողներից կարելի է լսել, որ երեխաների ձեռքերի ափերը գրեթե միշտ քրտնած են, որ կապ չունի եղանակային պայմանների հետ: Պարզվում է, որ նման երեւույթի վրա չի կարելի ուղղակի աչք փակել, քանի որ այն կարող է մի շարք հիվանդությունների ահազանգ լինել: Մանկական էնդոկրինոլոգ Մարիամ Շահբազյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հնարավոր է նման երեւույթ նկատվի վահանագեղձի հիպերֆունկցիայի դեպքում, որը, ըստ նրա, ուղեկցվում է նաեւ հետեւյալ ախտանիշներով՝ դյուրագրգռվածություն, լացկոտություն, պարանոցի շրջանում խեղդման զգացում:

«Եթե տեւական բնույթ է կրում քրտնարտադրման գործընթացը եւ այլ ախտանիշներ չկան, ապա վահանաձեւ գեղձի հետ չի կապվում, բայց ծնողները պետք է դիմեն մասնագետի, քանի որ կարող է նեւրոզի եւ նյարդային համակարգի հետ կապվել նման երեւույթը»,-նշեց մասնագետը:

Նյարդաբան Անուշ Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քրտնարտադրության համար պատասխանատու է վեգետատիվ համակարգը, որը, մասնավորապես պատանեկան տարիքում՝ կապված սեռահասունության հետ, ունենում է ավելի ակտիվ դրսեւորումներ:

«Այդ ժամանակ հիմնականում քրտնարտադրություն լինում է ձեռքերի ափերում, ոտնաթաթերում, ճակատային հատվածում, կարող է կապված լինել նաեւ բուռն էմոցիաների, վիտամին D-ի պակասի, կամ ճիճուների առկայության հետ»,-ասաց նյարդաբանը:

Նրա խոսքերով՝  եթե այս խնդիրն  անհանգստացնող եւ որոշ ժամանակ ձգվող բնույթ է կրում, պետք է դիմել բժշկի, որպեսզի ժխտվի այլ հիվանդության առկայությունը. «Սովորաբար, եթե այլ հիվանդություններ չեն լինում, ինչպես նաեւ նյութափոխանակության խնդիրներ, ապա տարիքի հետ անցնում է՝ կապված վեգետատիվ նյարդային համակարգի ավելի լավ զարգացման հետ»:

Մասնագետը խորհուրդ է տալիս՝ հետազոտությանը ուշադրություն դարձնել, եւ եթե պարազիտների առկայությունը ժխտվում է, վիտամին D-ի քանակությունը արյան մեջ ժխտվում է, կարելի է մի փոքր սպասել մինչեւ սեռահասունության ավարտը: Այն երեխաները, որոնք ավելի փոքր են եւ մինչ դեռահասունության տարիքը նման խնդիր ունեն, ապա նյարդաբանն ավելի հավանական է համարում ճիճուների առկայությունը, կամ վիտամին D-ի պակասը:

Ուստի անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի՝ ճիշտ ախտորոշում ստանալու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728