Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴԻԿ

Փետրվար 10,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունմեկերորդ

ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴԻԿ

ԵՎ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ձեր ասածից ստացվում ա, որ Հրաչյա Ներսիսյանը մեծատառով մարդ ա, իսկ Փափազյանը՝  չէ», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էս վրես թազա շառեր ե՞ս անում», եւ Ֆելոն խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ձեր ասածներից էդպես ա ստացվում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Փափազյանն էլ ա մեծատառով մարդ, բայց իրա մեծատառը լրիվ ուրիշ մեծատառ ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մեծատառ Փ, փոքրատառ փ- Փափազ», եւ Ֆրունզիկը նայեց հորս, մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էսօր աշակերտդ ֆորմի մեջ ա», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու Ֆրունզիկին ասաց՝ «ինքը միշտ էլ ֆորմի մեջ ա» եւ մի քիչ մտածեց ու  ավելացրեց՝ «խոսալու համար խելքը իրանը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առավոտից իրիկուն  էսպես անկապ ճտպտում ա՝ չի թողնում աշխատենք», եւ Ֆրունզիկը  ժպտալով Ֆելոյին ասաց՝ «փաստորեն, մարդկանց խանգարում ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ կարծում թե՝ խանգարում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «որ խանգարեի, Ուստա Հակոբն ինձ աշակերտ չէր պահի»  եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «ինչ հանձնարարություն տալիս ա, վայրկենական անում եմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին, հետո  ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «էդ մեկը ճիշտ ա ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «աշխատելու ընթացքում էլ ա մի գլուխ ըսենց ճտպտում ու զահլեքս տանում», եւ Ֆրունզիկը ժպտալով նայեց Ֆելոյին, հետո հորս ասաց՝ «բայց իմ ներկայությամբ առաջին անգամ ա ըսենց բացվում», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «քո ներկայությունից մի քիչ քաշվում էր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «ավելի շատ քո՛ ներկայությունից  պիտի քաշվի. դո՛ւ      ես իրա ուստեն», եւ հայրս մի քիչ մտածեց, թարս նայեց Ֆելոյին ու Ֆրունզիկին ասաց՝ «ինքն էնքան անշնորհք չի՝ ինչքան ցույց ա տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի էսօր շատ ա ջրիկացել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց, նայեց Ֆրունզիկին ու ժպտալով ասաց՝ «շատ վախտ Ուստա Հակոբն ինքն ա տոն տալիս, որ ջրիկանամ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ինչի՞ ա տոն տալիս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եսիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրան պիտի հարցնեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երեւի դուրը գալիս ա», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ի՞նչն ա դուրը գալիս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ջրիկանալս», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «հեչ չի զգացվում, որ  դուրը գալիս ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու փռթկարնելով Ֆրունզիկին ասաց՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք, ձեր դուրն էլ ա գալիս», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչն ա իմ դուրը գալիս», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս ջրիկություններս», եւ Ֆրունզիկը  ժպտալով հարցրեց՝ «ո՞ր ջրիկություններդ», եւ Ֆելոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էս ամբախզամբախ խոսացածներս», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ես էս խոսացածներդ ջրիկություն չեմ համարում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ուստա Հակոբը համարում ա», եւ Ֆրունզիկը մի քիչ  մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «էդ Ուստա Հակոբի մասնավոր կարծիքն ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել