ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց: Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է:
Պատասխան: Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Կարդացեք նաև
Վերջին հայտարարությունով Ադրբեջանի ղեկավարությունը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
Կամ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը:
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից: