Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գիրքը

Փետրվար 09,2017 21:21

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Հոբելյանական այս օրը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում Գևորգ Էմին-Տերյանը ներկայացրեց «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գիրքը: Մեծանուն բանաստեղծը, որ հայտնի է ո՛չ միայն իր գրական ստեղծագործություններով, այլև հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ, 1915թ. դեկտեմբերին այցելել է Երևան ու Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել  գրել շարադրություններ՝ նկարագրելով Հայոց ցեղասպանությունը:

Երեխաները, որ Մեծ Եղեռնի անմիջական կրողներն էին՝ իրենց ձեռագրերում ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են կոտորածների ու գաղթի ճանապարհի տեսարանները: Այս շարադրությունները, որ բացառիկ փաստաթղթեր են ու պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում, մեծ ազդեցություն են թողել Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա:

Թոռան խոսքերով` 1915-ից հոտ գրված ստեղծագործությունները միանգամայն տարբերվում էին նախորդ գործերից, դա մեծ հեղաշրջում եղավ Տերյանի ստեղծագործության մեջ: Բացի այդ հենց այս իրադարձություններն էլ թոքախտի առաջացման  պատճառ դարձան:

Էմին-Տերյանն ասում է. «Պատմություններից մեկում երեխան հիշում է, թե ինչպես է ընկերների հետ  գորտ բռնել, ձեռքերն ու ոտքերը պոկել, ապա այդ գորտին կերել է արագիլը: Որբ մանուկը նկարագրելով սպանություններն ու փախուստի օրերը ասում է, որ այդ ամենի պատճառը գորտի հետ այդպես վարվելն էր՝ իր կյանքի միակ վատ արարքը»:

Հեղինակի խոսքով՝ գիրքն ինչ-որ չափով նման է «Աննա Ֆրանկի օրագրին», սակայն կա մի մեծ տարբերություն՝ հրեա աղջիկը Հոլոքոստի վերապրածն է, բայց իր աչքերով իրական ցեղասպանությունը չի տեսել, նա ողջ ընթացքում թաքնված է նկուղում, իսկ այս որբերը տեսել են Եղեռնը սեփական աչքերով:

Շնորհանդեսին ներկա էր նաև որբերից մեկի՝ Քարմիլե Մանուկյանի թոռը: Նա նշում է. «Տատս իր հուշերում այդ տարիների մասին առանձնապես չի պատմել, ու ես գրքի շնորհիվ եմ իմացել, թե ինչպես են  իր աչքերի առաջ սպանել մորը: 2 քույրերի հետ փախել ու հայտնվել են Երևանի որբանոցում, եղբայրներից մեկն էլ թուրքական բանակ է զորակոչվել ու հետագա ճակատագիրը մեզ հայտնի չէ: Հիմա այդ մասին տեղեկություններ իմանալու փորձեր եմ անում»:

Ասում է՝ միայն լուսանկարներ ունի, որտեղ որբերն են՝ Ցարսկայա փողոցում, ապա տարիներ անց նույն վայրում արված մեկ այլ լուսանկար:

Գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը նշում է. «Ես մինչև հիմա ապշած եմ, թե ինչպես Գևորգը կարողացավ ընդամենը մեկ տարում նման ծավալուն աշխատանք գրել: Նա, իհարկե, կարող էր էջ լրացնելու համար ուղղակի ձեռագրերը տպագրել ու այդպիսով վերջացնել գործը, բայց նա այսպիսի հանճարեղ մի աշխատանք արեց»:

Լառա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728