Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խոշորագույն՝ 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրներ ու կառավարություններ ընդգրկող կառույցի նախագահությունը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է անցկացնելու այս կարգի բարձր մակարդակի, ծավալի և միջազգային ընդգրկվածությամբ միջոցառում: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Գագաթնաժողովին կարևոր տեղ է հատկացվելու այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Դրա շրջանակում առաջարկվել է անցկացնել հայկական ապրանքատեսակների և ծառայությունների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն Հայաստանի ներդրումային և առևտրատնտեսական հնարավորությունները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է մեր երկրում նման մասշտաբային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը և նշել. «Հետաքրքիր իրադարձություն է, հետաքրքիր հարթակ, օգտագործելով այս հնարավորությունը՝ կարող ենք լավագույնս ներկայացնել Հայաստանը և էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»:
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ արտգործնախարարության գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում ներգրավելու համար նշանակել կոնկրետ պատասխանատուների: