«Կարող եք ինձ էլ Լապշինի պես արտահանձնել Ադրբեջանին, պրծնենք»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանը՝ լքելով դատարանի դահլիճը:
Այսօր Խանդոյանի գործով հարցաքննվեց ոստիկան Հայկ Չախմախչյանը, նա ասաց՝ հենց ինքն է Արարատ Խանդոյանին բերման ենթարկել, բայց չհիշեց որ ժամին, ինչպես եւ այլ մանրամասներ: Դատարանի որոշմամբ, հրապարակվեց նաեւ Չախմախչյանի նախաքննական ցուցմունքը:
Արարատ Խանդոյանն էլ հայտարարեց, որ իրեն «Մեղեդի» սրճարանից ԱԱԾ-ականներն են բերման ենթարկել, ոչ թե ոստիկան Հայկ Չախմախչյանը. «Տարել են ԱԱԾ դարպասների մոտ, սպասեցնել են տվել 30 րոպե, հետո մեզ տեղափոխել են 6-րդ վարչություն: Չախմախչյանը իր սեփական Մերսեդեսով եկել է եւ դարպասներից ներս չի մտել: Մեզ նստացրել են Չախմախչյանի արծաթագույն Մերսեդեսը եւ տեղափոխել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին»:
Դատարանը հարցաքննվող վկայից հարցրեց՝ արդյոք ճանաչել է Արարատ Խանդոյանին, ոստիկանը պատասխանեց՝ բերման ենթարկելուց հետո է ճանաչել, մինչդեռ ցուցմունք էր տվել, որ Խանդոյանը բերման ենթարկելուց առաջ է ոստիկաններին նկատմամբ բռնություն գործադրել: Չախմախչյանը մի քանի անգամ էլ Արարատ Խանդոյանի փոխարեն դեպքերը պատմելիս Արայիկ Խանդոյանի անունը տալով էր պատմում, որ Արայիկ Խանդոյանն է հարվածել, պաշտպանական կողմը առարկեց՝ասելով, որ Արայիկ Խանդոյանը գտնվում էր ՊՊԾ գնդում, ոնց կարող էր ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել, ինչից հետո վկան շտկեց ՝շփոթվել եմ: Պաշտպանական կողմն արձանագրեց, որ ոստիկանը նույնիսկ Արարատ Խանդոյանի անձը չի ճանաչում, պարզապես իրեն ասել են Խանդոյան, այդ վկան չի էլ իմացել՝ որ Խանդոյանի մասին է խոսքը. «Սա հիմք է տալիս մտածել, որ այդ ոստիկանի ցուցմունքները շինծու ու պատրաստված են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա քաշել է ոստիկանի վահանը։ Ոստիկանական ցուցմունքները նա համարում է ոչ արժանահավատ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի տասնվեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ