Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տոն ենք նշելու. Հուլիսի 5-ը կառավարությունը սահմանում է Պետական խորհրդանիշերի տոն

Փետրվար 09,2017 18:25

 

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Կառավարությունն առաջարկում է ՀՀ պետական խորհրդանիշերի օր սահմանել: Նպատակն է հարգանք ձեւավորել պետական խորհրդանիշերի հանդեպ եւ պետական խորհրդանիշերի օրը ընդունել որպես պետական տոն: Առաջարկվում է, որ այդ տոնը նշվի Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին:

Փոխնախարարն ասաց, որ ընդհանրապես երկրի քաղաքացիների վերաբերմունքը պետական խորհրդանիշերի հանդեպ կարելի է համարել այն ցուցիչներից մեկը, թե որքանով են տվյալ երկրի քաղաքացիները իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ, հավատում նրա ապագային:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ողջունեց նախագիծը եւ ասաց, որ այն նպաստում է մեր աշակերտների, երիտասարդների մոտ պետական մտածողությանը: Նա հարցրեց նաեւ՝ ինչո՞ւ հուլիսի 5-ին ընտրեցիք: Արթուր Պողոսյաննը նախ պատասխանեց, որ տարբեր երկրներում նշում են առանձին զինանշանի օր, դրոշի օր, օրհներգի օր: Կան երկրներ, որոնք պետական խորգհրդանիշերը մեկ օր են տոնում, բայց կարեւոր է, որ յուրաքանչյոր երկիր իր պետական խորհրդանիշերի նկատմամբ փորձի ակնածանք սերմանել:

Իսկ թե ինչու հուլիս 5-ին , փոխնախարարն ասաց, որ շատ են մտածել. «Կար դրոշի եւ գերբի հետ կապված մեկ այլ նախաձեռնություն՝ մայիսի 15-ին, բայց քննարկումների արդյունքում եկանք այն առաջարկին, որ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը նույնպես համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ, կարեւոր օրենք, նաեւ այդ օրը ոչ աշխատանքային օր է, ցանկալի է, որ այդ օրն էլ նշվի որպես Պետական խորհրդանիշերի օր»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն առաջարկեց, որ Պետական խորհրդանիշերի տոնը ուրիշ օր լինի, որ տոնախմբություններ կարողանան կազմակերպել՝ պահպանելով Սահմանադրության օրվա խորհուրդը: Փոխնախարար պատասխանեց, որ պետական խորհրդանիշերը Սահմանադրության հետ միասին ամբողջացնում են տոնի գաղափարախոսությունը:

Նաիրա Կարապետյանը նաեւ հարցրեց՝ «Մասնավոր սեկտորում շատ են գործածվում պետական խորհրդանիշներով աքսեսուարներ՝ սկսած բջջային հեռախոսների պատյաններից, գրիչներ, պայուսակներ, նոթատետրեր եւ այլն: Դրանք հիմնականում սպառվում են սփյուռքահայերի կողմից: Կա՞ նման պետական ծրագիր, նախագիծ,որ խրախուսեն, օրինակ, շատ գեղեցիկ կլինի, որ աշակերտը շարադրություն շահելուց ստանա հեռախոսի պատյան՝ դրոշով, զինանշանով եւ այլն»:

Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ նախարարությունը դա իրականացնում էր իր քաղաքականության մեջ. «Մենք տպում էինք փոքրիկ բրոշյուրներ, գրքեր, պատվոգրեր՝ զինանշանի եւ դրոշի սիմվոլիկան կիրառելով»: Իսկ մասնավոր հատված դա տեղափոխելը, ըստ փոխնախարարի, ֆինանսի հետ է կապված:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գտնում է, որ առանց այս տոնի էլ հասարակությունը շատ սիրում է պետական  խորհրդանիշները, պատգամավորներն էլ ամեն նստաշրջանից առաջ օրհներգն են կատարում: Պատգամավորն առաջարկեց ապագա խորհրդարանի պատգամավորներին անգիր անել ՀՀ օրհներգը. «Երբ նիստը կսկսի, խնդրում եմ բոլորին  երգեն: Ֆուտբոլիստները, բոլորը պետք է պետական օրհներգը անգիր անեն եւ անհարմար չզգան երգել, հնչեցնել»:

Մարգարիտ Եսայանը նկատեց, որ որոշ տեղերում մենք գունաթափված, տրորված դրոշներ ենք ներկայացնում, որը մեզ ամենեւին պատիվ չի բերում, այնպես որ, միայն օրենքով չի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728