Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռին կրակել են՝ հեռադիտակով թշնամուն հետեւելիս».19-ամյա զինվորին հուղարկավորեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 09,2017 18:18

Այսօր Շիրակ գյուղի դպրոցի շենքից հուղարկավորեցին Թալիշում փետրվարի 6-ի առավոտյան  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մահացած ՊԲ զինծառայող, նռնակաձիգի օգնական, 19-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանին: Նրա ծննդավայրը ծածկված էր սեւ ժապավեններով, որոնց վրա գրված էր Գոռի անունն ու տարիքը: Հերոսին  հուղարկավորեցին զինվորական կարգով՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ, հիմնի նվագակացությամբ, աղոթքով, կրակոցներով:

Գոռին հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանատան Պանթեոնում՝ հերոսների կողքին: «Շիրակ» գերեզմանատունը Շիրակ գյուղից գտնվում է  մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Գոռին տարան ոչ թե մեքենայով, այլ ձեռքերի վրա: Հերոսին հրաժեշտ տալուց առաջ պետական սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար՝ նրան հետմահու պարգեւատրեցին մարտական ծառայության մեդալով: «Փա՜ռք քեզ, փա՜ռք»,- գոչում էին հավաքվածները, իսկ հերոսի հայրը, գրկելով մեդալն, անվերջ համբուրում էր:

 

Շիրակ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Գոռի ծնողները 7 տարի շարունակ երեխա չեն ունեցել: Մայրը՝ հարեւան գյուղից է՝ Կամոյից, իսկ հայրը Շիրակ գյուղի ամենամեծ գերդաստան ունեցող մարդկանցից է: Նրանք ազգուտակով զինվորականներ են, ԵԿՄ անդամներ, շատերն են վիրավորել Արցախյան պատերազմում: Ընտանիքը, ըստ հարեւանների, չափազանց համեստ է ու պարկեշտ, թեեւ սոցիալաապես վատ վիճակում են, բնակվում են տնակում, երկրաշարժից անօթեւան են, սակայն շատ հպարտ են: Հայրը մշտապես արտագնա աշխատանքի է գնացել, Գոռին բանակ ճանապարհելուց հետո, ըստ հարեւանների, որոշել են ամբողջ ընտանիքով գնալ Կրասնոդար, աշխատել, որպեսզի կարողանան տղայի՝ բանակից վերադառնալուց հետո մի հարց լուծել: Հայրը զբաղվել է շինարարությամբ, իսկ մայրը թխվածքներ է պատրաստել Ռուսաստանում:  «Ծնողները չգիտեին, որ Գոռը մահացել է, զանգել, ասել են, թե վիրավորվել է, շտապ եկեք: Գոռից բացի երկու անչափահաս տղաներ ունեն, նրանց էլ թողել են բարեկամներից մեկի մոտ, շտապ վերադարձել են Հայաստան: Բոլորիս տունը սուգ է՝ մանկապարտեզի երեխայից սկսած բոլորը սգում են… Ի՞նչ պիտի լինի վերջը»-հարցնում էր հարեւանուհին:

Գյուղի տղամարդկանցից մեկն էլ պատմեց, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, Գոռը դեպքի օրը եղել է դիրքերում, թշնամու կողմից  անդադար կրակոցներ են հնչել,  երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, Գոռը հեռադիտակով սկսել է հետեւել  թշնամուն, ու այդ ժամանակ թշնամու դիպուկահարը խփել է նրա ճակատին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728