Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները, եթե հետաձգվեն, ապա, Aravot.am-ի տեղեկություններով, դրանք կկայանան ապրիլի 7-ին: Մեր այդ տեղեկությունը ՀՀԿ-ական պատգամավորները հաստատում էին ոչ պաշտոնական զրույցներում:
Ընտրությունների`ապրիլի 2-ին նշանակման դեմ, հիշեցնենք, ընդվզեցին որոշ քաղաքական եւ հասարակական շրջանակներ: Դրա համար երկու պատճառաբանություն է բերվում`նախ, այդ օրը Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրն է, իսկ երկրորդ պատճառն այն է, որ որոշ քաղաքական ուժեր Սահմանադրության եւ նոր Ընտրական օրենսգրքի կետերի միջեւ հակասություններ են տեսնում: ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը որեւէ իրավաբանական խնդիր չի տեսնում, բայց ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու հրամանագիրը ստորագրելիս, ինքն էլ է երկմտել: Եվ հիմա, եթե ընտրություններին մասնակից բոլոր ուժերը համաձայնության գան եւ համապատասխան առաջարկ ներկայացնեն, ՀՀԿ-ում դեմ չեն լինի ընտրությունների օրը հետաձգելուն:
Այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի առաջին օրը ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել`ընտրությունների օրը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն: Այսօր ստորագրահավաքի չորրորդ օրն է: Ձեւաթղթի տակ ստորագրել է 19 պատգամավոր: Դեռ 8 ստորագրություն էլ անհրաժեշտ է: Քառօրյան այսօր ավարտվում է, երկուշաբթի օրը արտահերթ նստաշրջանն է մեկնարկում: Կհաջողի՞ ընդդիմությունն իր նախաձեռնությունում`ժամանակը ցույց կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև