Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միգուցե լավ չե՞ն նայել Բելառուսում ՀՀ դեսպանին». Թևան Պողոսյան

Փետրվար 09,2017 17:48

 

Լրագրողն Թաթուլ Հակոբյանը չի կարծում, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն առանձնապես ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության վրա:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին» թեմայով քննարկմանը պարոն Հակոբյանը նկատեց. «Չեմ համարում, որ սա մեծ պարտություն էր, հերթական մեր բացթողումն էր: Այս ամենում ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ մենք ոնց որ թե ճիշտ տեղում չենք, անհասկանալի միավորումների մեջ ենք, որտեղ մեր դաշնակիցներն աշխատում են մեր դեմ: Ինձ ավելի շատ մտահոգում է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկու երկիր` Բելառուսն ու Ռուսաստանը, զենք են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը պաշտպանում է  Ադրբեջանի շահերը: Չեմ հասկանում` ի՞նչ ենք անում ԵՏՄ-ում ընդհանրապես: Լապշինի դեպքը լակմուսի թուղթ էր, որ հերթական անգամ երևան բերեց: Սա բաց գաղտնիք է, մենք բոլորս գիտեինք, որ ՀՀ-ին իր կամքին հակառակ տարել մտցերել են ԵՏՄ, և այդ որոշումը կայացրել է Պուտինը, և Սերժ Սարգսյանն էլ մի գիշերում չէր կարող հարցնել ամբողջ հայ ժողովրդի կարծիքը: Սա այն դեպքն է, որ ցույց է տալիս, որ մենք պետք է մեկ անգամ ևս մտածենք` որտեղ ենք և արդյոք ճիշտ տեղում ենք»:

Դառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածին,  երբ ԱԺ նիստի սկզբում խմբակցությունները, պատգամավորները կոշտ գնահատականներ հնչեցրեցին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հասցեին, Թաթուլ Հակոբյանն ասաց. «ԱԺ-ն մեռելատան էր նմանվել: Ես սխալ եմ համարում այս պահին արդեն որևէ քայլի դիմելը: Պետք չէ գնալ, գրոհել դեսպանատունը, դեսպանին վռնդել այնտեղից, պետք էր անել այն օրը, երբ Լապշինն ընկավ Բելառուս, այդ ժամանակ էր պետք քայլերի դիմել: Հիմա ամեն ինչ վերաջացել է, նոր սգում են, ԱԺ-ն հո մեռելատուն չէ՞, որ սգում էին»:
Պարոն Հակոբյանն ընդունեց, որ հեշտ չէ Լուկաշենկոյի,  Նազարբաևի հետ աշխատելը, բայց միևնույն ժամանակ փաստեց, քանի դեռ ՀՀ-ում իշխանության է ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, և քանի դեռ այս իշխանությունները ներսում մեզ են ծեծում, ջարդում, ստորացնում և նույն կերպ ստորացման արժանանում դրսում, ինչ կառույցի մեջ էլ մտնենք, որևէ բան չի փոխվի. «Ավելի մեծ հարված, քան սահմանադրության փոփոխությունն է, որն արեց Սերժ Սարգսյանը Հայաստանում և հիմա էլ Արցախում, չի հասցվել այդ երկու պետություններին, քան դրանց առաջնորդները հասցրին»:

Պարոն Հակոբյանը փաստեց, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահի ժամանակ ՀՀ-ն եղել է ինչ-որ իմաստով ռուսական շահերի գոտում, շղթայված է եղել ռուսական շղթաներով, բայց, ի տարբերություն այսօրվա իրավիճակի, այն ժամանակ հարգանք է եղել Հայաստանի նկատմամբ. «1990-ից ես լրագրության մեջ եմ, գոնե այս ձևով մեզ հետ չեն վարվել. Տեր-Պետրոսյանի նկատմամբ Ելցինը հարգանք է ունեցել, Մեդվեդևը Քոչարյանի նկատմամբ»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով Լապշինի հետ կատարվածից դասեր քաղելու հարցին, ասաց. «Այն օրը, երբ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, այդ օրը պետք է դառնար սկիզբ, որ ՀՀ կառավարությունը կամ պետական մարմինները մեկ նիստ կազմակերպեին ու ասեին, որ այսօրվանից հետո մեր աշխատանքի մեջ նոր ինստիտուտ մտցնենք, սցենարների ծրագրավորման, և փորձենք նման դեպքերի համար գործողությունների փաթեթ նախապատրաստել»:

Անդրադառնալով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե «իմ մասով ես արել եմ, այցելել եմ Բելառուսի ԱԳՆ», պարոն Պողոսյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում` դեսպան եմ, չունեմ անձնական հարաբերություններ, միայն այցելել եմ ԱԳՆ: Այստեղ ավելի շատ տեսնում եմ այն, իսկ միգուցե  պետք էր , որ դեսպանը հազարավոր այլ ձևերով օգներ, այդ երկրում ձևավորեր մի իրավիճակ, որ հայկական շահերը վեր դասվեին այդ երկրում»: Պարոն Պողոսյանը հարցը նաև այլ տեսանկյունից է մեկնաբանում, թե դեսպանին միգուցե լավ չե՞ն նայում. «Միգուցե այնտեղ կա անձական խնդիր. ուզում է ասել, թե միգուցե ինձ լավ չեք նայել, այլ տեղեկություններ ունեմ ապագա կարիերայի մասին, դրա համար էլ այդպես եմ վարվում` կտաք հանձնարարություն, կանեմ»:

Արցախի ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, մեկնաբանելով Լապշինի հետ կապված միջադեպը, նշեց. «Ադրբեջանը հստակ աշխատում է Արցախի տնտեսության կարևորագույն ճյուղերը թուլացնելու ուղղությամբ` այն ճյուղերը, որոնք ապահովում են սեփական եկումուտների մի մասը: 2016-ի ապրիլյան պատերազմի թիրախում հիմնականում այն շրջաններն էին, որտեղ զարգանում է հանքարդյունաբերությունը, հիդրոէլեկտրաէներգիայի արդյունաբերությունը: Հիմա էլ թիրախը զբոսաշրջությունն է»:

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728