Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը` երիտասարդների օրհնության օրը, ու այս առիթով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնց մասին լրագրողներին տեղեկացրեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նախ Սուրբ Սարգսի տոնին նախորդող օրը Կարապի լճում, ինչպես ամեն տարի, երեկոյան 6-ին կլինի տոնական երիտասարդական համերգ: Սուրբ Սարգսի կերպարով ձիավորը կշրջի տարածքում ու ավանդական աղի բլիթներ կբաժանի երիտասարդներին: Հաջորդ օրն առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Սրբի մասունքակիր աջը, իսկ Մատենադարանից ՝ձեռագիր ավետարան, որը գրել է Ավետիս Դպիրը հենց Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս երկու սրբությունները կմնան եկեղեցում մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Իսկ Սուրբ պատարագը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա 10:30, որին կհաջորդի Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ 20 զինվորների պարգևատրումը: 14:30 կսկսվի քայլերթ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց, որից հետո՝ 15:30, Սիրահարների այգում տեղի կունենա համերգ ` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Համեմատելով Սուրբ Վալենտինի և Սուրբ Սարգսի տոները՝ Տ. Պետրոսն ասաց. «Այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ սիրով տոնում է Սուրբ Սարգսի տոնը: Եթե նախկինում հայերի մոտ նկատվում էր այդ օտար տոնի կարևորությունն, ապա այսօր դա միանշանակ փոխվել է: Մի անգամ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Արարատյան թեմի երիտասարդներին ուղարկել էի հուշանվերների տարբեր խանութներ, եկան ու ասացին, որ հիմնականում ազգային նվերներ են տեսել ու որ վալենտինյան հուշանվերներ գթեթե չեն եղել. հիմանականում Սուրբ Սարգիսն էր պատկերված հուշանվերների վրա: Սա կարծում եմ նվաճում է »:
Մելանի Սարգսյան