Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի դիտողությունը՝ նիստի ընթացքում դաս սովորող պատգամավորներին

Փետրվար 09,2017 15:41

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

Ներկայումս գործող օրենսգիքրը նախատեսել է սերվիտուտի ինստիտուտը՝ ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքը, բայց բացառապես գույքային սերվիտուտն է, այսինքն, երբ մարդը ուրիշի գույքից կարող է օգտվել, հողամասից օգտվել՝ սերվիտուտ սահմանելով:

Ներկայացված նախագծով սահմանվում են արդեն անձնական սերվիտուտի տեսակները, կիրառման կարգը, պայմանները: Կարեւոր է, որ բացասական սերվիտուտի գաղափարն է  ներդրվել: Ինչպես հանձնժողովում քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարարը բացատրեց, երբ մեկը հյուրանոց ունի եւ իր հարեւանին պատկանող հողամասը, այգին, գեղեցիկ լանդշաֆտը գեղեցիկ տեսարան է ապահովում իր հյուրանոցի այցելուների համար, ապա սերվիտուտ է սահմանում, որ այդ հարեւանը չի կարող, ենթադրենք, կտրել այդ այգու ծաղիկները եւ փչացնել տեսարանը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ անձնական լիարժեք սերվիտուտի՝ ուզուֆրուկտի հետ կապված հարաբերություններն են սահմանվում նաեւ նախագծով, սահմանվում են պայմանները, թե որ դեպքում կարող են բջջային օպերատորները շենքի տանիքին ալեհավաքներ տեղադրել, որովհետեւ դա տանիքի վարձակալություն չի կարող կոչվել ու օրենքից դուրս էր մնում:

Պատգամավորները սկսեցին այնպիսի հարցեր տալ, որոնք վաղուց ընդունված օրենքի հետ էին առնչվում: Սուրեն Քրմոյանը համբերատար կերպով պատասխանում էր բազմաբնակարան շենքերի խնդիրների, խողովակների, բնակելի տարածքից օգտվելու եւ այս կարգի շատ հարցերի, որոնք կոնկրետ նախագծի հետ առնչություն չունեին:

Հարցերից բացի, պատգամավորները խնդրում էին մեկնաբանել գույքային սերվիտուտի հետ կապված որոշ դրույթներ:

Սա տեւեց այնքան, որ Գագիկ Ջհանգիրյանը նեղվեց ու սկսեց դիտողություն անել նոր իրավաբանություն սովորող գործընկերներին. «Գիտեք, մենք ստեղ նոր բան չենք հայտնագործում: Էս հռոմեական քաղաքացիական իրավունքն է, Նապոլեոնի քաղաքացիական օրենսդրությունն է, նույնիսկ ուզուֆրուկտը հռոմեական տերմինալոգիա է: Ես հասկանում եմ, բոլորն իրավաբաններ չեն: Երբ ծանոթանում են, նույնիսկ գործող այսօրվա սերվիտուտի վերաբերյալ եք հարցեր տալիս՝ գույքային սերվիտուտի: Իհարկե, կարելի է այս նախագիծը խմբագրել, բարելավել, բայց կներեք ինձ, հիմա ընթացքից չեք սովորի սերվիտուտի իրավունքը ամբողջ ծավալով՝ Քաղաքացիական օրենսգրքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728