Լրահոս
Օրվա լրահոսը

350 մլն դոլարի նոր պարտք ենք վերցնելու, 2020 թվականին պետպարտքի սպասարկման պիկը կլինի (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 15:32

Այս տարի կառավարությունը նախատեսում է ներգրավել 350 միլիոն դոլարի չափով պարտք, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նշենք, որ ՀՀ  արտաքին պարտքը  ՀՆԱ-ի 50% շեմն անցել է, ինչը տնտեսագետների բնութագրմամբ՝ վտանգավոր է:  Մեր երկրի պետական պարտքը անցյալ տարվա  դեկտեմբերին  կազմում էր 5, 9 միլիարդ դոլար, որից 4,5 միլիարդը արտաքին պարտքն է:

Ավելի հստակ ասած՝ այս գումարը կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին: «Արտաքին պարտքի սպասարկման պիկը կհասնի 2020 թվականին, որի համար Հայաստանը կհատկացնի 500 միլիոն դոլար: Դրանք եվրապարտատոմսերն են, որոնք թողարկվել են 2013 թվականին եւ պետք է մարվեն 2020-ին »,-ասաց  Վարդան Արամյանը:

Արամյանը վստահեցրեց, որ մեր երկիրը պարտադրված չէ, որ այդ պարտքն  ամբողջությամբ պետք է մարի. «Հնարավոր է մենք նայենք մեր կանխիկ հոսքերին, հնարավոր է 200 կամ 100 միլիոն մարենք, մնացածը նետենք ավելի հեռու: Այս պահին խոսել 2020 թվականի մարման մասին, ճիշտ չէ»:

Մեր երկրի կառավարությունը նախատեսում է այս տարի եւս մոտ 350 միլիոն դոլար վարկ վերցնել, ե այդուհանդերձ, պարտքի բեռն անընդհատ ավելացնելով, այն դեպքում, երբ տնտեսական աճն էլ մտահոգիչ է, Արամյանն ասաց, որ Հայաստանի պարտքի բեռը մտահոգիչ չէ, այն ռիսկային չի համարվում:

Լրագրողների հարցին՝ կա՞ ինչ-որ հաշվարկ, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կորոշի այեւս պարտք չվերցնել, նախարարը պատասխանեց՝ «Բարդ է ասել: Անգամ ԱՄՆ-ի նման երկիրը ՀՆԱ-ի 100 տոկոսից ավելի չափով պարտք ունի, հազարամյակներ շարունակ այդ երկիրը պարտք է վերցնում»: Այսինքն՝ Հայաստանն էլ դեռ հազարամյակներ շարունակ պետք է պարտք ներգրավի՞, այս հարցին ի պատասխան, նախարարն ասաց. «Եթե մենք կհասնենք մի իրավիճակի, երբ որ մեր ընթացիկ հաշվի պակասուրդը կդառնա հավելուրդային, այդ դեպքում մենք կդառնանք ոչ թե կապիտալ ներմուծող կամ պարտք վերցնող, այլ կդառնանք կապիտալ արտահանող»:

Հարցին էլ՝  որքանո՞վ է վերցված պարտքը նպատակային եւ արդյունավետ ծախսվել, Արամյանը պատասխանեց.«Այն, որ մենք ասում ենք՝ ընդհանրապես անարդյունավետ է, ես այդ միտքը չեմ կիսում: Այն, որ մենք ասում ենք՝ տեղ կա՞, որպեսզի արդյունավետությունը բարձրացնենք, այո, տեղ կա, որ բարձրացնենք, եւ դրա գործիքակազմը ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրումն է»:

Այն հարցին էլ՝ արտաքին պարտքի մարման բեռի ավելացմանը զուգընթաց կարո՞ղ են լինել ճնշումներ դրամի վրա եւ հանգեցնել դրամի արժեզրկմանը, պարոն Արամյանը  պատասխանեց, որ զարգացման նման սցենարը քիչ է հավանական. «Մեր ընթացիկ հաշիվներ-ՀՆԱ հարաբերակցությունը անցած տարվա տվյալներով կազմում է 2,8%: Այնինչ ժամանակին եղել է 8%: Մեր նման երկրներում ընդունված միջակայքը 4-5% է: Սա բավականին լավ ցուցանիշ է: Երբ մեր ներմուծումն է կրճատվում, կրճատվում է նաեւ արտարժույթի նկատմամբ պահանջը: Իսկ ինչ վերաբերում է պարտքի մարման հետ կապված հարցին, ապա պետք է հաշվի առնել, որ մեր շուկան սնվում է տարբեր աղբյուրներից՝ արտահանում, տրանսֆերտներ եւ արտաքին պարտքի ներգրավում: Ուստի այս պայմաններում չեմ կարծում, որ ապագայում մենք ունենանք էական ճնշումներ դրամի վրա»:

Այս եւ Արամայանի՝ ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակցելու-չմասնակցելու մասին մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728