2016թ. հունիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ 2016թ. հունիսի 29-ին նշանակվել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ նա մեղսունակ է ճանաչվել: Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլը 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից տեղեկացանք, որ 2016թ. հունիսի 25-ին այդ քրեական գործով նշանակվել է դատահետքաբանական եւ դատակենսաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունն ավելի քան 7 ամսվա ընթացքում չկա: Այդ պատճառով քրեական գործով նախաքննությունը ձգձգվում է:
Ա. Մեժլումյանն ասաց, որ Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նախաքննական մարմնի կողմից իր կալանքի ժամկետի երկարացնելու միջնորդությունների ժամանակ Ա. Խոջոյանը դատարան գալու ցանկություն չի հայտնում, ասելով որ մեկ է՝ ամեն դեպքում իր կալանքի ժամկետը երկարացնում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ