Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ին մենք բնական հավելաճ կունենայինք, եթե չլիներ արտագաղթը». ՄԱԿ-ի ծրագրի համակարգող

Փետրվար 09,2017 13:52

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր միգրացիայի փոփոխությունները կախված են ոչ թե ներքին գործոններից, այլ տեղի են ունենում կախված ՌԴ իրողություններից»,- «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Անդրադառնալով թվային տվյալներին՝ պարոն Եգանյանը տեղեկացրեց. «24 հազարի բացասական սալդո է գրանցվել 2016-ի համար, սակայն այդ թվերից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, որովհետև երևույթը մենք չենք կարողանում չափագրել: Միգրանտների զգալի մասը չի հետևում գրանցման այն կարգին, որը հաստատված է»:

Ռուբեն Եգանյանը փաստեց, թե մարդահամարից մարդահամար է հնարավոր լինում տվյալներ ստանալ այս առումով: Անդրադառնալով ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգի սահմանմանը՝ ժողովրդագիրը կանխատեսում արեց, թե մոտակա տարիներին Ռուսաստանը չի անցնի պարզեցված կարգին: Այնուհետև հստակեցրեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ աշխատանքի նպատակով պետք է այդ երկիր մուտքից առաջ լրացնեն միգրացիոն քարտ և նշեն աշխատանքի նպատակով կետը: Եթե դա չնշեցին, ապա պարտավոր են երեք ամսից լքել Ռուսաստանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում. «Սա նշանակում է, որ ընտրությունից ընտրություն հանրության մեջ ձևավորված հույսերի փլուզում է տեղի ունենում»:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց մի քանի վիճակագրական տվյալներ. «2016-ին ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ մենք ունենք 24 հազար արտագաղթած մարդ: Եթե դա չլիներ, ապա մենք բնական հավելաճ կունենայինք, քանի որ 12 500 մարդ 2016-ին ավելի է ծնվել, քան մահացել: Բայց արտագաղթի պատճառով մենք ունեցանք բնակչության թվի նվազում 12 500-ով»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728