ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վճռականորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների որոշումը ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնման մասին, ում «մեղքը», նրանց վարկածով, այն է, որ նա, առանց «թույլտվության», այցելել է ԼՂՀ և սոցիալական ցանցերում կարծիք է հայտնել ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին:
Ծիծաղ է առաջացնում Մամեդյարովի «պարզաբանումը», թե Ադրբեջանի հարցումով կալանավորված Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն «իրավական հարթությունում է»: Ո՞ր իրավունքի մասին կարող է խոսել մի երկրի ներկայացուցիչ, ուր ոտնահարում են ցանկացած իրավական նորմեր, այդ թվում՝ Անկախության սեփական հռչակագիրը:
Եթե Ադրբեջանը գործեր իսկապես իրավական հարթությունում, ապա վաղուց պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և չձեռնարկեր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վրդովող հակաիրավական գործողություններ:
Իր հերթին Բելառուսի Հանրապետությունը խախտել է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության, տեղաշարժման ազատության մասին միջազգային համաձայնագրերը:
Ա.Լապշինի արտահանձնման մասին որոշումը դեմարշ է ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների նկատմամբ: Բելառուսի իշխանությունները ձևացրին, թե անտեղյակ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Միգուցե նրանք տեղյակ չեն, որ ԼՂՀ-ն, ինչպես և միութենական հանրապետությունները, դուրս էին գալիս ԽՍՀՄ-ից համաձայն՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենքի: Իսկ Ադրբեջանը, լքելով ԽՍՀՄ կազմը և հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, որի ենթակայությանն էին հանձնվել Ղարաբաղն ու Նախիջևանը, կորցրել է իրավունքը ոչ միայն այժմյան ԼՂՀ-ի, այլև՝ Նախիջևանի նկատմամբ:
Բլոգերի արտահանձնումը ոչ այլ ինչ է, քան էժան և անբարո գործարք՝ նավթ՝ բլոգերի դիմաց: Բելառուսը կամա թե ակամա դարձավ մեղսակիցը ապարտեիդի քաղաքականության, որը վարում է Ադրբեջանն անկախ ԼՂՀ-ի նկատմամբ, կարծելով, թե Լեռնային Ղարաբաղը ընդամենը ռեզերվացիա է:
Կարդացեք նաև
Այս պայմաններում Հայաստան իշխանությունները պարտավոր են սկզբունքորեն պաշտպանել մեր շահերը`
1. հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին խորհրդակցությունների համար,
2. բացատրություն պահանջել Բելառուսի իշխանություններից կատարվածի առիթով,
3. հարց բարձրացնել դաշնակից պետության պահվածքի մասին ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության նիստերի օրակարգերում:
ՀԴԿ Հանրապետական խորհուրդ
09.02.2017թ.