Ժամանակին շատերը կարծում էին, թե Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահաձնելու գործողությունը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, մինչդեռ իրականում այդպես չէր: Նմանօրինակ պատրանք էլ Բաքվի քարոզչամեքենան փորձում է հրամցնել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին իրեն արտահանձնելու պարագայում: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Միջազգային նորմերը չեն խրախուսում այնպիսի գործողություններ, որոնք ենթադրում են մարդու արժանապատվության ոտնահարում: Երբ կա քաղաքական հանցագործությանն առնչվող որեւէ դեպք, բայց ոչ քաղաքական հանցագործություն, երբ կա կասկած, որ այդ անձը պաշտպանված չի լինելու եւ կարող է ենթարկվել կտտանքների, ահա այս նորմերի խախտումներով է կայացել Լապշինի արտահանձնումը: Այն հակասում է նաեւ Ադրբեջանի եւ Բելառուսի օրենսդրությանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով օդանավակայանում Լապշինի ձերբակալության գործողությանը, որը շատերն իսկական թատերական ներկայացում են որակել, նա այսպիսի համեմատություն արեց. «Կարծես թե բեն Լադեն 2-ին էին բերել…իսկ դա արդեն իսկ արժանապատվությունը նսեմացնող գործողություն է»:
Կարդացեք նաև
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Լապշինի արտահանձնումը «թմբկահարող» Ադրբեջանին կողքին պետք է ցույց տալ այդ նույն Ադրբեջանին, որը գլխատում է Քյարամ Սլոյանին եւ հրճվում դրանից: Ըստ տիկին Ալավերդյանի՝ քաղաքակրթական եւ քաղաքական նման ցածր մակարդակը սպառնալիք է ողջ աշխարհի համար:
Մանրամասն` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ