Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարեւոր գործիք կարող է լինել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը: Ըստ վարչապետի, այն թույլ է տալիս աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարելու համար ունենալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկել նախընտրած վայրում եւ այլ հատուկ շատ պարզեցված ընթացակարգեր.« Չնայած այդ ուղղությամբ դեռեւս 2016 թվականին ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման հենքը, սակայն մինչեւ այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այդ գործիքը պետք է ակտիվացնել»:
Վարչապետը պետական եկամուտների կոմիտեին հանձնարարեց՝ ֆինանսների եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների հետ համատեղ մեկ ամսում վեր հանել եւ վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական, ապա երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ