Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոն լուրջ ռիսկի տակ է դնում իր անձնական հարաբերությունները Մոսկվայի եւ Երեւանի հետ». «168 ժամ»

Փետրվար 09,2017 11:39

Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովի հետ, ով Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով բազմիցս հայտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակներում»։

– Լապշինի գործը, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է նախադեպ դառնալ։ Արտահանձնումից հետո ցուցակներում ընդգրկված մի շարք գործիչներ արդեն իսկ մտավախություններ են հայտնում, որ գուցե սա շարունակական դառնա։

– Ամենատհաճն այս ամենում հենց այն է, որ նախադեպ է ստեղծվում, մեխանիզմ, որի օգնությամբ Ադրբեջանը թելադրում է իր իրավունքները՝ թույլ տալ կամ թույլ չտալ այցելել Ղարաբաղ։ Սա, իհարկե, մտածված է, հուսով եմ, որ լրագրող, բլոգեր Լապշինի կյանքին որևէ վտանգ չի սպառնա, քանի որ այս դեպքը բավականին լայն հանրային արձագանք ստացավ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, թե՛ Իսրայելում, որտեղ ամենաբարձր մակարդակում հետևում են այս իրադարձությանը։ Սա, իմ գնահատմամբ, անձնագրի հանդեպ խորը անհարգանք է։ Չգիտեմ՝ այս գործն ինչով կավարտվի, բայց այն, որ Լուկաշենկոն վտանգում է իր անձնական հարաբերությունները Ռուսաստանի, Հայաստանի, Իսրայելի ամենաբարձր իշխանությունների հետ, դա միանշանակ է։ Անկասկած, այս դեպքը մտածելու տեղիք է տալիս։ Ես որևէ դեպքում չեմ այցելի Մինսկ, քանի դեռ վստահ չեմ, որ ինձ ոչինչ չի սպառնում, քանի որ ես այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, այնտեղ մասնակցել եմ միջազգային կոնֆերանսների, որպես միջազգային դիտորդ՝ մասնակցել եմ ԼՂՀ նախագահական ընտրություններին։ Ես այդ ցուցակներում երկու անգամ եմ եղել այս երկու այցելությունների համար, ուստի ես լրացուցիչ անգամ կմտածեմ՝ արժե՞ արդյոք մեկնել Մինսկ կամ այլ մի տեղ։ Կարծում եմ, որ շատերը, որոնք այդ ցուցակներում են հայտնվել ժամանակին և այսօր, կմտածեն Մինսկ այցելելուց առաջ, քանի դեռ այս հարցի շուրջ նման իրավիճակ է։

– Լուկաշենկոյի որոշումը «դեմարշ» որակեցիք։ Մինսկի այս քայլը հարված չէ՞ արդյոք եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին։

– Շատերն այսօր փորձում են Լապշինի գործը ներկայացնել՝ որպես ինտեգրացիոն պրոյեկտների նկատմամբ հարված։ Ես չեմ կարծում։ Գտնում եմ, որ նույնիսկ գուցե Բելառուսը ցտեսություն մաղթի Լուկաշենկոյին, քան որևէ մեկը հրաժարվի այն ինտեգրացիոն պրոյեկտներից, որոնք ծավալվում են հետսովետական տարածքում։

– Ի՞նչ հետևություններ պետք է անեն Մոսկվան և Երևանը, երբ գործընկերներն այսպես կոպիտ անտեսում են միմյանց հորդորները նման զգայուն թեմաների վերաբերյալ։

– Դժվար է ասել։ Այն, որ Լուկաշենկոն իր արձագանքները ստանալու է, այն, որ նա այսկերպ իր նկատմամբ ուշադրություն է հրավիրում և՛ ԵՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, դա միանշանակ է, նա սրա պատասխանը ստանալու է, չեմ կասկածում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728