Ռասաստանի եւ Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի ու Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու մասին խոսում են շատերը։
Հայկական ու միջազգային մամուլում տարածվող քննադատությունների, մեկնաբանությունների, քաղաքական հայտարարությունների ու վերլուծությունների տեղատարափում դժվար է հասկանալ գործի էությունը, գործում ներգրավված անձանց ու պետությունների թույլ տրված սխալները։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Լապշինի արտահանձնումը, ինչպե՞ս կարելի էր իրավական մեխանիզմներով այն կասեցնել, եւ ի՞նչ չարեց Ռուսաստանը, որպեսզի իր քաղաքացին չարտահանձնվի երրորդ երկիր, ինչն, ի դեպ, ՌԴ Սահմանադրության խախտում է։ Այս հարցերի վերաբերյալ մենք զրուցեցիք Ալեքսանդր Լապշինի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնող փաստաբան Կարինա Մոսկալենկոյի հետ։ Ի դեպ, նա ՄԻԵԴ-ում ներկայացրել է նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար, քաղաքական բանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկու շահերը։
– Տիկին Մոսկալենկո, խնդրում եմ ասեք, արդյոք որեւէ տեղեկություն ունե՞նք Ալեքսանդր Լապշինից, վերջինիս՝ Բաքու տեղափոխելուց հետո։ Ինչպե՞ս է նա, կա՞ Լապշինի հետ որեւէ կոնտակտ։
– Դեռ որեւէ նորություն չունենք, քանի որ Բաքու տեղափոխելուց հետո Ալեքսանդր Լապշինի հետ կապ չկա։ Ես կապի մեջ եմ նաեւ Լապշինի կնոջ հետ։ Նա դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Ալեքսանդրի առողջությանը։ Նրա առողջական վիճակը վերջին օրերին վատացել էր։ Բացի այդ մենք ՄԻԵԴ հայց ենք ներկայացրել միաժամանակ ընդդեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի։ Այս պահին մի կետով մեզ մերժել են։ Իսկ դա տեղի է ունեցել, քանի որ այն պահին, երբ դատարանը քննում էր գործը, Լապշինին արտահանձնեցին։ Եթե դատարանը քններ գործը 24 ժամվա ընթացքում, այնպես, ինչպես կարգն է նման դեպքերում եւ պատասխանն ունենայինք, ապա երկուշաբթի կարող էինք դեռ ինչ-որ մի բան անել։ Պատասխանն ավելի ուշ եկավ, քան Լապշինին արտահանձնեցին։ Այժմ մենք ՄԻԵԴ-ում հայցը ներկայացնելու ենք ընդհանուր ընթացակարգով, սակայն խնդրելու ենք, որպեսզի այն քննվի արագացված ռեժիմով։ Մեր կարծիքով այս որոշմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ցավոք, Բելառուսը չի հանդիսանում Եվրախորհրդի անդամ։
Կարդացեք նաև
– Դուք նշեցիք, որ տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում։ Ասեք խնդրեմ, ո՞վ է խախտել եւ ո՞ւմ դեմ է ձեր հայցն ըստ այդմ։
– Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն է նախ խախտել կոնվենցիան, քանի որ խնդրել է արտահանձնել Լապշինին քաղաքական դրդապատճառներով։ Սովորաբար նման խնդրանքները չեն բավարարվում, սակայն այս գործի մյուս կողմում Բելառուսն է, որն, ինչպես արդեն ասացի, Եվրախորհրդի անդամ չէ։ Բելառուսի դեմ Լապշինի կինն է ներկայացրել հայց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։ ՄԱԿ-ից արձագանքել են արդեն, որ ստացել են հայցը եւ խնդրել ներկայացնել հավելյալ փաստաթղթեր։ Սակայն նման
դեպքերում, երբ պետք է ուղղակի մարդուն փրկել, պահանջել հավելյալ փաստաթղթեր, այդքան էլ արդյունավետ չէ։ Բացի այդ, ՄԻԵԴ- ում Ռուսաստանի դեմ ենք հայց ներկայացրել առ այն, որ ՌԴ-ն չկարողացավ հավուր պատշաճի ապահովել իր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում