Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեծացնում է տրամաչափերը

Փետրվար 09,2017 15:00

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը
ԼՂՀ-ի շուրջ զարգացումները վտանգավոր է համարում

– Պարոն Աբրահամյան, ԼՂ հարցով գործընթացը կարծես թե իներցիայով է շարժվում: Կողմերը խոսում են ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հնարավորությունների մասին, սակայն նույնիսկ այդ ուղղությամբ հստակություն չկա: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Եթե կարճ ձեւակերպեմ՝ վտանգավոր: Ադրբեջանը մի տեսակ ժամանակ է ձգում, ավելի շատ ջանքեր գործադրում գործընթացում շահագրգռվածության իմիտացիա ստեղծելու համար: Սակայն իրականում ավելի շատ մտածում է էսկալացիան կամ կտրուկ սրացումներն արդարացնելու հիմքեր ստեղծելու մասին: Ամեն դեպքում իր քայլերը հենց դրա մասին են խոսում: ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունները փաստում են, որ իրավիճակը ժամանակ առ ժամանակ կտրուկ փոխվում է: Հրաձգային զենքերի պասիվ կրակոցներից մինչեւ դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձ, ադրբեջանցի զինծառայողի գերեվարված լինել, ականանետների ակտիվություն:

Միջին վիճակագրական քաղաքացու համար մի քիչ բարդ է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում շփման գծում: Ադրբեջանական զինուժը սահմանագծի տարբեր հատվածներում թույլ կետեր է փնտրում դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավորություններ ստեղծելու կամ հետախուզական գործողություններ իրականացնելու համար: Որոշ դեպքերում ադրբեջանական կողմի ակտիվացումը պարզապես հոգեբանական կամ մեկ այլ տեսակի ճնշումներ գործադրելու նպատակ է հետապնդում:
Երբեմն, որպես արդյունք, ունենում ենք այն, ինչ ունեցանք օրեր առաջ, երբ ՊԲ դիրքապահները դիվերսիոն գործողությունը հետ մղելիս ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող գերեվարեցին: Ինչ վերաբերում է ականանետների գործածմանը, ապա հրետանու կիրառումը, եթե նույնիսկ այն ծանր հրետանի չի համարվում, ինքնին վտանգավոր է: Ես մտավախություն ունեմ, որ նույնիսկ այս իրավիճակը երկար չի ձգվի, ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը կաճեն:

– Արդյոք առաջիկայում ականատես կլինե՞նք դիվերսիոն գործողությունների ակտիվ փուլի, դրա միտումները կարծես կան:

– Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով տեխնիկական սարքավորումների տեղադրմամբ հակադիվերսիոն, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Դիվերսիոն գործողությունների կանխման մեծ թվով միջադեպեր են արձանագրվել: Հակառակորդի գործողությունները շփման գծի մերձակա հատվածներում առավել կանխատեսելի են դարձել: Ուստի, կարծում եմ, առաջիկայում ադրբեջանական սադրանքներն այլ ձեւով կդրսեւորվեն՝ դիպուկահար խմբերի ակտիվացում, հայկական դիրքերի ուղղությամբ կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում, հետախուզական ակտիվ միջոցառումներ, այդ թվում՝ անօդաչու սարքերի միջոցով:

– Ի՞նչ է տեսանելի շփման գծի ադրբեջանական հատվածում: Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ միջոցառումների վրա է շեշտը դնում Ադրբեջանը:

– Եթե ապրիլյան մարտական գործողություններին հաջորդող 4-5 ամիսները պայմանական կարող ենք անվանել «ինժեներական պատերազմի» ժամանակաշրջան, ապա վերջին ամիսները կարելի է բնութագրել ակտիվ տեղաշարժերի, կուտակումների, ուսումնական պրոցեսների շրջան:

– Ադրբեջանն ամեն տարի մեծացնում է իր ռազմական բյուջեն, մեծ գումարներ հատկացնում սպառազինության գնումներին, ի՞նչ ակնկալել այս տարի:

– Ադրբեջանի 2017 թվականի բյուջեի նախագծով 63,3%-ով կամ 1 միլիարդ մանաթով կավելացվեն ռազմական բյուջեի ծախսերը՝ հասնելով 2,642 միլիարդ մանաթի (1,48 միլիարդ դոլար ներկա փոխարժեքով), որտեղ 1,27 միլիարդ մանաթը կուղղվի պաշտպանության նախարարությանը (մոտ 713 միլիոն դոլար), ազգային անվտանգությանը՝ 111,9 միլիոն մանաթ (63 միլիոն դոլար), իսկ ռազմական արդյունաբերությանը, ներքին զորքերին եւ այլ կառույցներին՝ 1,23 միլիարդ մանաթ (690 միլիոն դոլար):

2016 թվականին 1,8 միլիարդ մանաթ էր հատկացվել ռազմական ծախսերին, որից 1,7 միլիարդը՝ պաշտպանությանը, եւս 108,9 միլիոն մանաթ՝ ազգային անվտանգությանը եւ մնացածը այլ նպատակներին: Հետագայում ռազմական ծախսերը ավելացվեցին 391 միլիոն մանաթով կամ 21,3% տոկոսով:

Սակայն սա դեռ չի նշանակում, որ ռազմական կարիքների համար Ադրբեջանում այլ աղբյուրներից գումարներ չեն հատկացվելու: Ադրբեջանը պաշտպանական ոլորտի համար ֆինանսական միջոցներ է ուղղում նաեւ տարատեսակ հիմնադրամներից, ինչպես նաեւ խոշոր գործարարների անձնական միջոցներից:

Սակայն եթե 2013 թվականին Ադրբեջանի ամբողջ ռազմական ծախսերը 7 անգամ գերազանցել են Հայաստանի պաշտպանական ծախսերին, ապա 2017-ին այդ տարբերությունը 2 անգամից քիչ է:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ.Գ.- Երեկ երեկոյան արդեն ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացրեց, որ երեկ, ժամը 17:00-18:50-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-անոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից՝ ադրբեջանական զինուժը ինչպես արեւելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետներ:

 

«Առավոտ»

08,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728