Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բատկայի հավանական արկածները

Փետրվար 09,2017 12:00

Մոսկվայում չեն հասկանում, որ «Բելառուսի անկախությունը թանկ է նավթից»

Լուկաշենկոն հիմքեր չունի Ադրբեջանին չարտահանձնելու Լապշինին

Հայաստանի գործընկերը ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է, օրերս հայտարարել է, թե Բելառուսը հիմքեր չունի Ադրբեջանին չարտահանձնելու բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Նա պահանջել է հնարավորինս արագ արտահանձնել բլոգերին Ադրբեջանի իրավապահներին՝ պնդելով, թե այդ որոշումը միանգամայն օրինական է, ապա վստահեցրել է, թե Ռուսաստանը, Իսրայելը եւ Ադրբեջանը կկարողանան պայմանավորվել Լապշինի ճակատագրի շուրջ:

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարարը «խայտառակություն» որակեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Բելառուսում եւ նրան Ադրբեջան արտահանձնելու որոշումը: Նա նաեւ կասկած հայտնեց, թե Բաքվին կհաջողվի Լապշինի գործի օգնությամբ նախադեպ ստեղծել, որովհետեւ այդ պարագայում Ադրբեջանի իշխանությունները ստիպված կլինեն բազմաթիվ երկրներ ներկայացնող պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային մեծահամբավ մոտ հինգ հարյուր գործիչների ձերբակալման եւ Բաքու արտահանձնման հարցը լուծել:

«Չգիտեմ, թե ինչ եւ ով կարող է վաստակել այդ Լապշինի գործից, բայց, վստահ եմ, հեղինակություն որեւէ մեկին չի ավելացնի: Հակառակը՝ նրանք, ովքեր խոչընդոտում են կամ հետապնդում են մարդկանց՝ հիմնարար ազատությունների կամ հիմնարար ազատությունների իրականացման հետ կապված, որը ազատ տեղաշարժն է եւ խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մաս է արդեն կազմում: Չեմ կարծում, որ դա նախադեպ դառնա կամ որեւէ մեկին խանգարի: Ղարաբաղ գնացել են, կգնան եւ ավելի կգնան»:

Հիշեցնենք, 2011թ. ապրիլին եւ 2012թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու եւ երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:
Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին, հունվարի 20-ին Բելառուսի դատախազությունը բավարարեց այդ պահանջը: Լապշինի բողոքը չբավարարվեց, եւ հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ թողեց դատախազության որոշումը:

Հիշեցնենք նաեւ, որ Լապշինի ձերբակալությունը տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու այցելելուց օրեր անց: Բաքվում Իլհամ Ալիեւը Լուկաշենկոյին պարգեւատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգեւով՝ Հեյդար Ալիեւի անվան շքանշանով:

Լապշինի շուրջ Բելառուսի քայլերը միակը չեն, որոնք հերթական անգամ վկայում են այն մասին, որ Բելառուսը Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործելաոճ է որդեգրել: Վերջերս ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց նաեւ, որ ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց կազմակերպության գլխավոր քարտուղար, պատճառը Բելառուսի նախագահի բացակայությունն էր. «Ղազախստանը այդ հարցում երբեւէ որեւէ խոչընդոտ չի առաջացրել: Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:

Լուկաշենկոյի հերթական պոռթկումը

Լուկաշենկոն կրկին բարկացել է: Դժվար է ասել, թե նրա զայրույթը որքան կտեւի: Ժամանակ առ ժամանակ նա պոռթկումներ է ունենում ու ամենախիստ ձեւով քննադատում Ռուսաստանին ԵԱՏՄ-ում վարած քաղաքականության համար:

Մի քանի օր առաջ հերթական «փոթորիկը» բարձրացավ: Լուկաշենկոն հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային մարմիններից հետ է կանչել երկրի ներկայացուցիչներին: «Ես չեմ ստորագրել Մաքսային օրենսգիրքը, քանի որ շատ բաներ, որոնք պետք է լինեին, չեն գործում: Ավելին, ես կարգադրել եմ մաքսային մարմիններից հետ կանչել մեր հիմնական մասնագետներին: Ինչո՞ւ են նրանք այնտեղ նստած եւ աշխատավարձ ստանում: Նույնիսկ չեն վաստակում, այլ ստանում են»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը կարծում է, որ առաջին քայլը պետք է լինի ապրանքների արգելքի եւ տարբեր սահմանափակումների հետ կապված խնդիրների լուծումը: «Առանց այդ խնդիրների լուծման՝ ես չեմ դիպչի այդ օրենսգրքին»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, Բելառուսի նախագահը ներկա չէր 2016թ. դեկտեմբերին նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ ստորագրվել էր Մաքսային օրենսգիրքը:
Այնուհետեւ Լուկաշենկոն ավելի է անկեղծացել: Նա հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառն այն է, որ Մոսկվան վախենում է Մինսկի՝ դեպի Արեւմուտք «գնալուց»: Միեւնույն ժամանակ նա մտացածին է որակել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Բելառուսը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Նա հավաստիացրել է, թե իր երկիրը չի ցանկանում ո՛չ Եվրամիություն մտնել, ո՛չ էլ ՆԱՏՕ:

Փետրվարի 3-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին մեղադրել է «գրչի մի հարվածով» միջպետական սահմանի մասին համաձայնագիրը ջնջելու մեջ: Բացի այդ, Բելառուսի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ, ում մեղադրել է «պետությանը վնաս հասցնելու մեջ»: Բանն այն է, որ հունվարի վերջին ռուսական գերատեսչությունը սահմանափակել է երկու բելառուսական ընկերությունների արտադրանքի ներմուծումը՝ պատճառաբանելով, թե կասկածներ ունի, որ նրանք ուկրաինական միս են ներկրում: ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը փետրվարի 1-ին հանձնարարել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանային գոտի հաստատել: Այս հանձնարարականը հաջորդել է Բելառուսի որոշմանը, որի համաձայն՝ 80 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ ԵՄ եւ ԱՄՆ, չեղյալ է հայտարարվում մուտքի արտոնագիրը: Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ նշել էր, որ վերահսկողությունը սահմանվում է երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որեւէ կերպ չի անդրադառնա ռուսների եւ բելառուսների տեղաշարժի վրա:

Սահմանապահ գոտին զուտ քաղաքական հարձակում է՝ ասել է Լուկաշենկոն՝ մեկնաբանելով սահմանապահ գոտի ստեղծելու ՌԴ-ի որոշումը այն պատճառով, որ Բելառուսը չեղարկել է 80 երկրների քաղաքացիների վիզաները: «Դա չի կարելի անել: Նրանք, ի՞նչ է, սահմանն ավելի՞ լավ են պաշտպանում, քան մենք: Հազար անգամ ավելի վատ»,- ասել է նա: Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել, որ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը սահմանապահ գոտու ստեղծման հրամանը ստորագրել է դեկտեմբերի 29-ին՝ 11 օր ավելի վաղ, քան ինքը ստորագրել է առանց վիզայի ռեժիմի հրամանը: «Ինչո՞ւ է ինչ-որ մեկին վախեցնում, որ մենք վիզաները չեղարկել ենք: Մենք իրավունք ունենք մեր երկիր ընդունել ում ցանկանում ենք: Մենք դիրքավորվել ենք որպես ամբողջ քաղաքակրթության, ամբողջ Եվրոպայի կենտրոն: Կենտրոնն ինչպե՞ս կարող է մեկուսացված լինել: Բայց գլխավորն այն է, որ մենք մարդկանց թույլ ենք տվել 5 օրով առանց վիզայի ժամանել Մինսկի մեկ օդանավակայանով: Դրանից Ռուսաստանի ազգային անվտանգությանն ի՞նչ սպառնալիք կա»,- ասել է Լուկաշենկոն:

Առանց ռուսական նավթի էլ կապրեն

Մինսկը կարող է առանց ռուսական նավթի, չնայած շատ դժվար կլինի՝ ասել է Լուկաշենկոն. «Ինչո՞ւ են բռնել մեր կոկորդից։ Հասկանալի է, որ առանց ռուսական նավթի մենք կարող ենք։ Շատ դժվար կլինի, բայց Բելառուսը ելք կգտնի»։ Նրա խոսքով՝ ազատությունը, անկախությունը ոչ մի գումարով, ոչ մի թվով չի գնահատվում։ «Բացարձակապես անհամեմատելի է, եթե մի կողմում անկախությունն է, մյուս կողմում՝ ռուսական, իրանական, ադրբեջանական կամ ամերիկյան նավթը»,- հավելել է Լուկաշենկոն։ Նկատենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն իրավունք ունի ցածր գներով ռուսական գազ ստանալու՝ կապված նավթի գների անկման հետ:

Պարզվում է՝ Բելառուսը 15 միլիարդ ԱՄՆ դոլար է կորցրել Եվրասիական տնտեսական միությունում անհավասար պայմանների պատճառով. «Նրանք ընդունում են այս թիվը։ Եվ հիմա մեզ հինգ միլիարդ վարկ են տալիս։ Շատ լավ է, վերցնել մեզանից 15 միլիարդ դոլար, այնուհետեւ հետ տալ մեր փողերը կամ դրա 1/3-ը, այն էլ՝ ավելի բարձր տոկոսադրույքով, քան Արժույթի միջազգային հիմնադրամը»,- ասել է Լուկաշենկոն։ Միեւնույն ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ ռուսական ընկերություններն ապրանքի որակի առումով չեն կարողանում մրցակցել բելառուսականների հետ, այդ պատճառով գնային խոչընդոտներ են ստեղծում:

Լուկաշենկոն շոշափել է նաեւ ռազմաբազայի թեման` նկատելով, որ Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը. «Ռազմական տեսանկյունից ինչի՞ համար է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չէ: Այդ բազան եւ ինքնաթիռները, որոնք նրանք ցանկանում են այստեղ կանգնեցնել, ցուցադրություն են»:

Ավելին, նա ընդգծել է, որ նպատակահարմար է համարում Ռուսաստանի կողմից Բելառուսին ռազմական ինքնաթիռների հանձնումը՝ ավիաբազայի կառուցման փոխարեն. «Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ, չէ՞ որ մենք միասնական խմբավորում ենք»:

Ի դեպ, նկատենք, որ Լուկաշենկոյի ասուլիսից մեկ օր առաջ էլ ռուսաստանյան «Ռեգնումը», հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Բելառուսը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից: Գործակալությունը նաեւ հայտնել էր, որ Ռուսաստանը «աղմկոտ հայտարարություններ» չի անի: Ըստ աղբյուրի՝ Մոսկվան «ըմբռնումով է վերաբերվում Ուկրաինայի նմանությամբ անկախ պետություն դառնալու Բելառուսի իշխանությունների ցանկությանը»:

Այն, որ Բատկան մեղադրում է Ռուսաստանին այն բանում, որ Մոսկվայում չեն հասկանում, որ Բելառուսի անկախությունը թանկ է նավթից, անսպասելի չէ: Թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահները ժամանակ առ ժամանակ «բնավորություն» են ցույց տալիս Պուտինին: Հետաքրքիր է, որ եթե Բելառուսը 15 միլիարդ ԱՄՆ դոլար է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով, իսկ որքա՞ն վնաս է կրել Հայաստանը…

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Չգիտեմ, թե Բելառուսը որքան է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով, քանի որ ես դա չեմ հաշվել, բայց որ Բատկան հիանալի առևտրական է պետական մակարդակով՝ դրանում կասկյած չունեմ: Դ արևաց նաև, երբ նա ուկրաինական կամ եվրոպական ապրանքը արտահանում էր ՌԴ բելառուսականի անվան տակ, ճիշտ այնպես, ինչպես գյուղմթերքի առումով արվեց մեր երկրում: Կասկած չունեմ, որ նա հանգիստ ռուսական նավթը կարող է փոխարինել ադրբեջանականով՝ թքած ունենալով մարդու ոչ միայն իրավունքների, այլև նույնիսկ կյանքի վրա: Իսկ նման դեպքերում Լուկաշենկոյին դրական լույսի տակ ներկայացնելու իմաստը չեմ հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728