Հասարակական-քաղաքական գործիչները թվարկում են` պատերազմի շարունակական տագնապը, արդարադատության բացակայությունը, հետընտրական հիասթափությունը:
Անցյալ տարի Հայաստանից անվերադարձ հեռացել է 54 հազար մարդ: Այսինքն` 6-7 հազարով ավելի շատ, քան դրան նախորդող երկու տարիներին: 2015 թվականին այդ ցուցանիշը եղել է 47 հազար 676 մարդ, իսկ 2014-ին` 47 հազար 74 մարդ:
Ինչո՞ւ են մարդիկ հեռանում Հայաստանից՝ «Առավոտի» հարցին պատասխանում են հասարակական-քաղաքական գործիչներ:
Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը համոզված է, որ Հայաստանից արտագաղթի թիվ մեկ խնդիրը մեր երկրում օրենքի կամայական կիրառումն է. «Օրենքը չի գործում, եւ դատարանն օրենքով չի գործում»: Տիկին Խառատյանը գլխավոր պատճառներից է համարում նաեւ «հեռանկարի բացակայությունը, ապագայի նկատմամբ որեւէ ծրագիր կազմելու անհնարինությունը»: Ըստ նրա՝ երիտասարդներից բացի, հեռանում են նաեւ տարիքով մարդիկ, որոնք էլ իրենց երեխաներին տանում են այդ հեռանկարի բացակայության պատճառով. «Այսինքն` կարծում եմ, որ իրենք իրենց երեխաների ապագան ուզում են տեսնել մի քիչ ավելի հեռանկարային հնարավորությունների ծիրում»:
Արտագաղթի պատճառներից մեկն էլ, տիկին Խառատյանի կարծիքով, պատերազմի շարունակական տագնապն է եւ վտանգը: Եվ միայն վերջին տեղում Հրանուշ Խառատյանը դիտարկում է այն ամենը, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական խնդիրներով` աշխատանքի բացակայություն, աշխատանքի ցածր վարձատրություն, արժանապատվության նվաստացում եւ այլն:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը արտագաղթը պայմանավորում է երկրի աղքատ լինելու հանգամանքով, այսինքն՝ ըստ նրա՝ եթե որեւէ երկրում բնակչության մեկ երրորդն աղքատ է, ապա տվյալ երկրից արտահոսք, բնական է, կլինի: Պարոն Խաչատրյանի կարծիքով՝ սոցիալ-տնտեսական գործոններից բացի, կան մարդիկ, որ արտագաղթում են, քանի որ կորցնելու ոչինչ չունեն՝ ոչ աշխատանք ունեն, ոչ էլ ապագա են տեսնում:
Վիլեն Խաչատրյանը վտանգավոր է համարում այն մարդկանց արտագաղթը, որոնք հասել են մի կետի, որից այն կողմ իրենց կարիերայի բարձրացումը Հայաստանում չեն տեսնում. «Այսինքն` այդ մասնագետների մոտ սկսում է լճացման պրոցես, սա երկրի համար ամենախոցելի խումբն է, քանի որ տվյալ խումբը երկրի լոկոմոտիվն է, երկրի առաջ տանող գիտական, մասնագիտական ներուժ ունեցող խումբը»:
Կարդացեք նաև
Տնտեսագետը սրան ավելացնում է նաեւ ուղեղների արտահոսքը, որը, ըստ նրա, արտագաղթողների շատ ավելի լուրջ խումբ է իրենից ներկայացնում:
Պարոն Խաչատրյանի խոսքով՝ եվրոպական մի շարք երկրներում «ուղեղների արտահոսքի» փոխարեն օգտագործվում է «ուղեղների շրջանառություն» տերմինը. «Այսինքն` գնաց ինչ-որ երկիր սովորելու, եկավ այստեղ, ապա գնաց մեկ այլ երկիր, բայց երբ որ գնաց ու էլ չեկավ, դա արդեն շրջապտույտ չէ, եւ Հայաստանն այդ շրջապտույտի սխեմայի մեջ չի մտնում: Մեզ մոտ տվյալ խմբի արտագաղթելու դեպքում երկրի աշխատուժի գլխատման գործընթաց է տեղի ունենում, այսինքն` կտրվում է երկրի ուղեղը, ինչն ամենավտանգավորն է»:
Վիլեն Խաչատրյանը արտագաղթը քաղաքական գործոններով էլ է պայմանավորում: Նա վտանգավոր տրամաբանական կապ է տեսնում հետընտրական ալիքի հետ. «Այսինքն` հետընտրական արտագաղթը չարդարացված սպասումներ են»:
Տնտեսագետը նաեւ 2018 թվականի ընտրություններից հետո էլ հետընտրական արտագաղթի ակտիվացում է կանխատեսում:
Ըստ նրա՝ Հայաստանն իր ՀՆԱ-ով աշխարհի 120 երկրներից մեկն է, ինչը նշանակում է, որ կա այդքան երկիր, որը Հայաստանից լավ է ապրում. «Գնալով այդ երկրներից մեկը, քո կարիերան կազմակերպելով՝ շանս ունես ավելի լավ ապրելու, հետեւաբար, եթե դու չես շարժվում ազգային գաղափարական մոտեցումներով, զուտ սոցիալական խնդիր ունես լուծելու, արտագաղթելու որոշման հետ առնչվում ես: Դրա համար ամեն դժվարության հանդիպելուց հետո շատերի շուրթերից կարելի է լսել արտագաղթելու ցանկությունը»:
Վիլեն Խաչատրյանը խոսեց նաեւ միգրացիայի վտանգավոր հետեւանքներից: Ըստ նրա՝ միգրացիան մեր երկրին զրկում է աշխատուժից, աշխատանքային ռեսուրսներից. «Հետեւաբար այն երկրում, որտեղ բնակչության թիվը պակասում է, ներդրումներ չեն արվում, այն երկրում են ներդրումներ անում, որտեղ բնակչության թիվն աճում է:
Հետեւաբար մեր ներդրումների գաղտնիքը արտագաղթի կանխման մեջ է: Ո՛ր օրը կկանխեն արտագաղթը, այն ժամանակ կխոսենք Հայաստանում ներդրումների մասին»:
Հասարակական-քաղաքական գործիչ, «Բարեւ Երեւան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ շատերը Հայաստանից հեռանում են սոցիալ-տնտեսական` օտար երկրներում «գլուխները պահելու», ազնիվ ճանապարհով վաստակել չկարողանալու, արդարության բացակայության եւ այլ պատճառներով: Տիկին Բախշյանը կարծում է, որ արտագաղթողների մի խումբ էլ անօրինականությունների մասնակից է եւ գնում է, քանի որ կանխազգում է, որ, այսպես ասած, նավը խորտակվում է:
Հետընտրական արտագաղթն էլ տիկին Բախշյանն արդարացված չի համարում, քանի որ կարծում է` մեր երկրում փոփոխությունները մնալով պիտի կատարվեն, այլ ոչ թե արտագաղթելով:
PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանը «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ Հայաստանից արտագաղթում, ասաց` որովհետեւ զոհ են գնում իրականությանը՝ փոխանակ ծանրութեթեւ անեն հեռանկարները:
«Գնացողները մեր մոլորված հայրենակիցներն են, որոնք թյուրիմացաբար կարծում են, թե դրսում ավելի ապահովված են լինելու եւ իրենց երեխաներին ավելի կարեւոր բան են թողնելու, քան կարող էին Հայաստանում: Բայց դա մեծ մոլորություն է: Ճիշտ այն պահին, երբ հայ մարդը լքում է Հայաստանը, կանգ է առնում նրա հոգեւոր-անձնային աճը: Դրա համար էլ նրանց մասին արդարացիորեն ասում են՝ «որ թվին գնացել են, էդ թվում էլ մնացել են»: Այն կրավորական դիրքորոշումը, որ այստեղ որոշներն ունեն, չեմ ընդունում: Ի՞նչ ասել է՝ չեմ մեղադրում գնացողներին: Իսկ ո՞վ է ասում, որ մնացողների զավակները պակաս լավն են, կամ մնացողները լավ ապագա չեն ուզում: Ես երդվյալ Հայաստանում մնացող եմ, որովհետեւ գիտեմ, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին, կանխատեսել եմ մոտ ապագան 27 կետերով, եւ դրանք կետ առ կետ իրականանում են»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
08,02.2017