71-ամյա Գեւորգ Սահակյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրա վեճն «Արս Էլիտ» գրավատան դեմ է եւ կլսվի փետրվարի վերջին: Թոշակառուի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարիամ Օսիպյանը:
Գ. Սահակյանը հայտնել էր, թե գնացել էր գրավատուն, որպեսզի ավտոմեքենայի գրավադրման պայմանագիր կնքի, վարկ վերցնի:
Թումանյան փողոցի վրա գտնվող «Արս Էլիտի» եւ քաղաքացու միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, նույն համարի գրավատոմս: Գրավատունը քաղաքացուն պետք է տրամադրեր 6 միլիոն 52 հազար 500 դրամի վարկ: Ըստ պայմանագրի, վարկը պետք է տրամադրվեր մինչեւ 13.07.2016 թվականը, իսկ երկարացման դեպքում նշված ժամկետը վարկը մարելու պայմանով՝ 0.13 տոկոսադրույքով:
Առհասարակ, վարկը համարվում է հատկացված գումարը վարկառուի կողմից կանխիկ ստանալու դեպքում: Մինչդեռ, այս դեպքում պայմանագիրը վարկառուի կողմից ստորագրվել էր, իսկ գրավատան կողմից ոչ ստորագրվել, ոչ էլ կնքվել էր:
Գ. Սահակյանն առձեռն գումար չի ստացել, չի ստացել ելքային որեւէ անդորրագիր, չի ստորագրել որեւէ դրամարկղի անդորրագրի տակ: Գրավատունն ի պահ է վերցրել Ամերիկայից բերված Սահակյանի PORSHCHE մակնիշի CAYENNE 3. 6 տիպարի 90 LL 045 պետհամարանիշի 2009թ. արտադրության մեքենան:
Վարկային պայմանագրի կնքման հաջորդ օրը գրավատունը Գ. Սահակյանին տեղեկացրել է, որ «հայցվորն ունի ժամկետանց պարտավորություններ 6.306.819 դրամի չափով»: Վարկառուն ներկայացել է գրավատուն, փորձել է վերադարձնել իր մեքենան, սակայն մերժվել է: Սեպտեմբերին աճուրդի միջոցով գրավատունը իրացրել է թոշակառուի PORSHCHE մակնիշի CAYENNE 3. 6 տիպարի 90 LL 045 պետհամարանիշի մեքենան քաղաքացի Ռոմիկ Ստեփանյանին: Ըստ փաստաբան Մ. Օսիպյանի, պատասխանող գրավատունը մոլորեցրել է տարեց մարդուն, որը իրազեկ չի գրավատան օրենքներին, իր իրավունքներին. «Նախ այլ պայմաններ ներկայացնելով՝ ստորագրել է տվել վարկային պայմանագիրը, որեւէ գումար չի տվել, գրավադրել է նրա մեքենան, ապա ապօրինի աճուրդով իրացրել այն»:
Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել վարկային պայմանագիրը, վերադարձնել ավտոմեքենան իր օրինական տիրապետմանը:
Ի դեպ, դատավոր Ռ. Ափինյանը բավարարել էր փաստաբանի միջնորդությունը եւ արգելանքի որոշում կայացրել մեքենայի նկատմամբ, արգելելով պատասխանողին եւ այլ անձանց որեւէ կերպ շահագործել կամ օտարել մինչեւ դատական վեճի լուծումը: Աճուրդից հետո մեքենայի նորահայտ տերը փոխել է հաշվառման համարները, հետեւաբար, նոր միջնորդություն է ներկայացվել դատարան մինչ գործի քննությունը, որպեսզի ներգրավվի նաեւ Ռոմիկ Ստեփանյանը, որպես երրորդ անձ:
Դիմումատու կողմը դիմել էր նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կենտրոնի բաժնի պետ Ա.Հարությունյանին, հայտնելով, որ վիճարկվող մեքենան, որն արգելանքի տակ էր, հանդիսանում է Ռոմիկ Ստեփանյանի սեփականությունը, հայտնի չէ, թե որտեղ է գտնվում մեքենան, կատարողական վարույթ հարուցվե՞լ է, արդյոք, հարկադիր կատարող Լեւոն Սիմոնյանի կողմից, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են կատարվել մեքենան հայտնաբերելու եւ շահագործումն արգելելու ուղղությամբ: «Հայցի ապահովման միջոց կիրառելու ինստիտուտը նպատակ ունի անհապաղ կատարման միջոցով բացառելու քաղաքացիների գույքային իրավունքի ոտնահարումը: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված նորմերի հիման վրա նույնացման համարով եւ այլ տվյալներով անհատականացվող գույքը պետական ծառայող հանդիսացող հարկադիր կատարողը դժվարանում է նույնացնել ելակետային տվյալների հիման վրա եւ նրա համար բացառապես նույնացման հիմք է հանդիսանում ավտոմեքենայի հաշվառման համարանիշը: Նման պարագայում, եթե առաջնորդվենք հարկադիր կատարողի մատնանշած խոչընդոտ հանդիսացող հաշվառման համարանիշների փոփոխությամբ, ապա ստացվում է, որ առհասարակ վերանում է անհրաժեշտությունը մեքենայի նույնացման այլ տվյալների ներկայացման»,-ԴԱՀԿ-ին ուղղված գրության մեջ ահազանգում է փաստաբանը: Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ անհապաղ միջոցառումներ չձեռնարկելու հետեւանքով երեք օր առաջ մեքենան շահագործվել էր եւ հայտնվել էր այս անգամ Ծաղկաձորում, «Կեչառիսի» դիմաց:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
08,02.2017