Հարցազրույց Մատենադարանի տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ
– Պարոն Տեր-Ղեւոնդյան, ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 5-ի որոշման 11.1 կետի համաձայն՝ «հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է մինչեւ վեց ամիս ժամկետով», իսկ 11.2 կետի համաձայն՝ «Եթե պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով»։ Սա նշանակում է, որ այդ՝ առաջին վեց ամիսների ընթացքում պետք է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվեր, եւ եթե մրցույթի արդյունքում չընտրվեր Մատենադարանի տնօրեն (մրցույթը չկայանար), ապա ժամանակավոր պաշտոնակատարի «պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով»: Այս ամենը չի արվել եւ առկա է օրենքի բացահայտ խախտում։ Այնինչ, «Արմենպրեսին» փետրվարի 3-ին տված հարցազրուցում Դուք համոզմունք եք հայտնել, որ ոչ մի խախտում էլ չի եղել։ Ինչպե՞ս եք հիմնավորում Ձեր այդ համոզմունքը։
– Կարծում եմ՝ ձեր հարցը պետք է ուղղեք ԿԳ նախարարությանը, որովհետեւ նախարարությունն է այս պրոցեսը ղեկավարում, նա՛ է մեր վերադասը, նախարարությունն է մրցույթ հայտարարում, պայմաններ դնում ու կազմակերպում ամբողջ գործընթացը: Ես իրավաբան չեմ, ինչքան հասկանում եմ խնդիրը հետեւյալն է՝ նախեւառաջ նշանակումը եղել է ոչ ժամկետային՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով տնօրենի ընտրությունների անցկացումը, բայց 6 ամիս էլ չլրացած, հիմնադիրը, այսինքն՝ ՀՀ կառավարությունը սկսել է մի գործընթաց Մատենադարանի իրավակազմակերպական կարգավիճակը փոխելու նպատակով: Այդ գործընթացը ինչքա՞ն կտեւի, չեմ կարող ասել, պետք է դիմեք նախարարությանը:
– Այսինքն՝ ուշացման պատասխանատուն ԿԳ նախարարությո՞ւնն է:
Կարդացեք նաև
– Ես իրավաբան չեմ, ընդամենը կարող եմ միայն ասել, որ հարցն իրենց ուղղեք:
– Երբ ավարտվի Մատենադարանին նոր կարգավիճակ շնորհելու գործընթացը, եւ Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը գործադիր տնօրեն ընտրի, Դուք մտադի՞ր եք առաջադրվել այդ պաշտոնը զբաղեցնելու համար։
– Երբ մրցույթը կհայտարարվի, այդ պահին էլ ես իմ որոշումը կընդունեմ: Առաջին հերթին պետք է տեսնել՝ այդ պահին ես բավարարո՞ւմ եմ այն պայմաններին, որ դրվելու են տնօրենի թեկնածուների առաջ, եւ պայմանները բավարարելու դեպքում ցանկություն ունե՞մ մասնակցել մրցույթին: Կարող է պատահի՝ մի շատ արժանի թեկնածու է լինում, եւ ես ասում եմ, որ նա ավելի արժանի է ու չեմ մասնակցում…
– Ինչպե՞ս եք մեկնաբանում զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ Դուք դոկտորական ատենախոսությունը կարճ ժամկետում, արագ գրել եւ պաշտպանության եք ներկայացրել Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին առաջադրվել կարողանալու համար։
– Նախ եւ առաջ ես շատ արագ չեմ գրել իմ ատենախոսությունը, թեման հաստատվել է դեռեւս 2011թ. դեկտեմբերին՝ 6 տարի առաջ՝ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդում, երբ ես նույնիսկ Մատենադարանում դեռ չէի աշխատում: Ես Մատենադարանում աշխատել եմ 2012թ. հունիսից: 6 տարիների ընթացքում ես աշխատել եմ այդ ուղղությամբ, եւ արդեն եկել է պահը, որ պետք է պաշտպանեմ, ու այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում:
– Իսկ ինչո՞ւ է ձգձգվում ձեր պաշտպանությունը:
– Այստեղ էլ արտառոց ոչինչ չկա…Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքն է… ԲՈՀ-ը ստանալով սեղմագրերը եւ փաստաթղթերը, այնտեղ որոշակի տեխնիկական, պակաս բաներ է նկատել, որի մասին դիմել է Հայոց պատմություն մասնագիտական խորհրդին: Առաջարկվել է պաշտպանությունը հետաձգել: Դա արդեն գիտական խորհրդի եւ ԲՈՀ-ի միջեւ որոշվելիք խնդիր է, թե քանի օրով կհետաձգվի պաշտպանությունը: Նշեմ, որ բոլոր ներկայացված հոդվածները գիտական հոդվածներ ու հետազոտություններ են, բայց նրանցից մեկ-երկուսը կան, որ հրապարակվել են մի հանդեսում, որը ԲՈՀ-ի պաշտոնական ցանկում ներառված չէ: Այժմ չեմ ցանկանում մեկնաբանել ԲՈՀ-ի որոշումը, այն ընդունում եմ ի գիտություն:
– Եթե առաջադրվեք եւ ընտրվեք Մատենադարան հիմնադրամի գործադիր տնօրեն, ընթացք տալո՞ւ եք «մշակութային միջոցառումներ» անցկացնելու անվան տակ Մատենադարանի նախասրահում «Մաշտոց» հիմնադրամի բացած հուշանվերների տաղավարի գործարկմանը։
– Դա մեծ աղմուկ է ոչնչից: Աշխարհում չկա մի թանգարան, որը չունենա թանգարանի նմուշները ներկայացնող նկարչի գործերը, խեցեղենի եւ այլ մոտիվներով ստեղծված հուշանվերներ, վերցրեք թեկուզ Լուվրը, Բրիտանական թանգարանը:
– Բայց «դրսի» թանգարաններում այդ հուշանվերների վաճառքից ստացված գումարը ուղղվում է թանգարանի բյուջե:
– Սա էլ ամբողջովին օգտագործվում է Մատենադարանի ծրագրերի իրականացման համար: Մեր ամենամեծ թերություններից մեկն այն է, որ երբ Հայաստան հյուրեր են գալիս, այցելում են թանգարան, թանգարանից ուզում են իրենց հետ որեւէ հուշանվեր տանել, մինչդեռ միայն հատուկենտ թանգարաններում կգտնեք նման հուշանվերներ: Իսկ Մատենադարանում ոչ բացիկ կգտնեք, ոչ էջանշան, ոչ էլ մագնիս: Մատենադարանին կից կա երկու հիմնադրամ, մեկը ստեղծվել է վաղուց, մյուսն ընտանեկան նախաձեռնություն է: Այդ երկու հիմնադրամներն էլ ամբողջովին իրենց մուտքերը լիակատար ձեւով ծառայեցնում են Մատենադարանի ծրագրերի իրականացմանը՝ գրքի հրատարակություն, դասընթացի կազմակերպում եւ այլն: Այս պահին «Մաշտոց» հիմնադրամը կազմակերպել է լատիներենի դասընթաց Մատենադարանի աշխատակիցների համար: Ձեր նշած տաղավարի հանդեպ որեւէ հովանավորության մասին խոսք լինել չի կարող, դրա հետ կապված ամբողջ իրավական պրոցեսը իրականացվել է Հրաչյա Թամրազյանի օրոք, նաեւ տեղի ընտրությունը, կրպակի դիզայնը, նմուշների ընտրությունը: Մատենադարանի ոչ մի աշխատակից այն ժամանակ որեւէ դժգոհություն չի հայտնել, բոլորն ամեն ինչի հետ համամիտ էին: Դեռ այն ժամանակ պարոն Թամրազյանը այդ կրպակի նմուշները գնահատում էր որակյալ եւ ճաշակով: Կրպակն անցել է իրավական ողջ գործընթացը, կարող է գործել լրիվ իրավունքով, բայց քանի որ աղմուկ է եղել, հարցը թողել ենք կոլեգիալ որոշման: Իմիջիայլոց, այդտեղ 30 տարի առաջ էլ է եղել կրպակ, դեռեւս Սեն Արեւշատյանի պաշտոնավարման ժամանակ: Հավելեմ, որ այսօրվա պատրաստված ցուցափեղկը կոմպակտ է, պատին հենված, մուտք ու ելքին բոլորովին չի խանգարում, եւ վերջապես՝ այդպիսի ցուցանմուշների կարիք շատ ունենք: Դրանք հատուկ այդ կրպակի համար են պատվիրված եւ կապված են Մատենադարանի հետ: Ճիշտ է, շատ դեպքերում նման կրպակները լինում են շենքի մեջ, բայց ավելի մոտ՝ ելքին, բայց այն թանգարաններում, որոնց ելքն ու մուտքը տարբեր են: Մատենադարանի պարագայում ելքն ու մուտքը նույնն են, հին շենքն այդպես է նախագծված: Իսկ դժգոհություններն անձնավորված են, սրան սիրում եմ, նրան չեմ սիրում սկզբունքով եւ իրավական ու էսթետիկական որեւէ հիմք չունեն:
– Իրականացնո՞ւմ է, արդյոք, Մատենադարանը կրթական ծրագրեր, եւ ընդհանրապես ի՞նչ հաջողություններ է գրանցել անցյալ տարի:
– Մի քանի տարի է՝ մեր Մատենադարանն ունի ասպիրանտուրայի բաժին, ինչը նորություն է: Անցյալ տարի ունեցանք առաջին ավարտողները, որոնք նաեւ պաշտպանեցին եւ ստացան գիտության թեկնածուի աստիճան: Այս պահին ունենք 20 ասպիրանտ եւ հայցորդ: 2016-ի նոյեմբերին շատ լավ ծրագիր արեցինք Արարատյան Հայրապետական թեմի հետ միասին՝ «Գրաբարյան օրերի» շրջանակում ավագ դպրոցների աշակերտների համար: 2016թ. ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ վերջնականապես հաստատվեց Գանձասարի մեր մասնաճյուղի ծրագիրը, ստացավ կարգավիճակ եւ ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս ավելի լուրջ խնդիրներ իրագործել: Ի դեպ, անցյալ տարի Գանձասարի Մատենադարանը 11000 այցելու է ունեցել: Նշեմ, որ 3 տարի է՝ զինակոչիկներն այցելում են Մատենադարան եւ նոր գնում են իրենց ծառայությունն իրականացնելու: Անցյալ տարի իրականացրել ենք 4 գիտաժողով, որից 3-ը միջազգային: Մի խոսքով, 2016 թ. մեր արդյունքները ոգեւորիչ էին, չնայած մեծ կորուստ ունեցանք՝ կորցրինք պարոն Թամրազյանին: Հավելեմ, որ տպվել է 23 գիրք, 92 գիտական հոդված, որը 40-ով գերազանցում է 2015-ի արդյունքները: Ունեցել ենք մատենադարանցիներ, որոնք շուրջ 90 գիտական զեկուցում են կարդացել: Հիմնարկը բնականոն ձեւով աշխատել է, եւ սովորական գիտաշխատողը իր մաշկի վրա որեւէ ցնցում չի զգացել:
– Մատենադարանի կարգավիճակի փոփոխությունն ի՞նչ նոր հեռանկարներ կբացի:
– ՊՈԱԿ (Պետական ոչ առեւտրային կազմակերպություն) բառն արդեն կաշկանդող է, եթե խոսքը Մատենադարանի նման հաստատության մասին է: Հիմնադրամն ավելի ընդունելի է եւ ավելի հարիր է Մատենադարանին: Կլինեն այլ առավելություններ նույնպես, օրինակ՝ ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդը կլինի, որն ավելի փոքր կազմ կունենա եւ ավելի մոբիլ կլինի: Հիմնադրամը հավանաբար հնարավորություններ կընձեռի արտասահմանի հետ ավելի լայն կապեր հաստատելու առումով, եւ ինչպես նախարարն ասաց՝ Մատենադարանն ավելի անկախ կդարձնի որպես տեսակի մեջ բացառիկ հաստատություն:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ diplomat.am-ի:
«Առավոտ»
08,02.2017