Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ շփման տհաճ դեպքերի եւ նրանց առաջ արգելք դնելու մասին

Փետրվար 08,2017 19:12

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին նախ մի հորդոր ուղղեց. «Այն արգելապատնեշները, որ դրել եք ժուռնալիստների առաջ, խնդրում եմ հանեք, սիրուն չի: Պարո՛ն Սահակյան, սա ձեզ էլ է վերաբերվում: Այստեղ պրեզիդենտն էլ է գալիս, հազար մարդ է գալիս: Դուք որ գնաք կառավարություն, կարող եք այնպես անել, որ ձեզ ժուռնալիստներ չմոտենան: Ճիշտ չի: Հանեք այդ կարմիր գծերը, արգելապատնեշները, որով մարդիկ չեն կարողանում մոտենալ ձեզ»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կա նաեւ հակառակ կարծիքը, որ լրագրողների հետ մենք չափազանց շատ ենք հանդիպում: Որեւէ սահմանափակում լրագրողների հետ հանդիպման չենք դրել, չնայած լինում են դեպքեր, երբ մի առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, բայց ոչ միշտ»:

Կարեն Կարապետյանն արդեն կանխագուշակեց, թե իր խոսքերից հետո ինչպիսի մեկնաբանություններ արդեն կլինեն:

Արամ Մանուկյանն արձագանքեց՝ իսկապես միշտ չի, որ բոլոր լրագրողներին հաճույքով հնարավոր է պատասխանել, ինքն էլ է խնդիրներ ունենում, բայց կարգ կա՝ պետք է լրագրողը հարցը տա, կուզես՝ կպատասխանես, կուզես՝ չես պատասխանի: Բայց սա ԱԺ-ն է ու վարչապետը չպետք է այդպիսի պայման դնի, որ արգելափակոց դրվի լրագրողների առաջ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր կողմից պարզաբանեց, թե որեւէ մեկը նման պայման չի դրել. «Լրագրողներին դուք, մենք թողնում ենք միայն Ազգային ժողովի շենք, ոչ թե Ազգային ժողովի այգի, պա՞րզ ա»:

Արամ Մանուկյանն էլ հորդորեց՝ հարգելի ժուռնալիստներ, սրանից հետո այգի չմտնեք:

Պատգամավորը նաեւ վարչապետին հարցրեց այս տարի իր ստեղծած ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից: Դուք ԾԻԳ-երը փակում էիք, որովհետեւ նույն  գործառույթներն ունեին, ինչ նախարարությունները: Բայց այս կենտրոնի խնդիրները նորից նույնն են, ինչ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության խնդիրները. «Մեկը մեկին կրկնվում են: Էկոնոմիկայի նախարարությունը գիտական հիմնարկ է եւ տնտեսության ռազմավարությունը մշակող կարեւորագույն օղակ: Ներդրումները, խթանումները, առաջարկները, այդ բոլորը, ինչ դուք դրել եք ռազմավարական կենտրոնի վրա, նախարարությունն անում է, այդ ֆունկցիան իրենց վրա է: Ես կարծում եմ այս երկու հիմնարկները իրար կրկնում են»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի անվանման մեջ կա, թե ինչ է անելու. «Դա պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունն է, հոգաբարձուների խորհրդի մեջ 6 անդամ մասնավոր սեկտորից է՝ հայտնի սփյուռքահայեր են 5 պետության: Այդ հարթակը քննարկում է բարեփոխումները ոչ միայն տնտեսության մեջ՝ հարկային-մաքսային հատված, դատական համակարգ: Դա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության գործառույթների մե՞ջ է, պարոն Մանուկյան: Կարծում եմ, որ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728