Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեհարդար՝ Արտաշատի բժշկական կենտրոնի փոխտնօրենի նկատմա՞մբ

Փետրվար 08,2017 19:01

Արտաշատի բժշկական կենտրոնի ամբուլատոր գծով փոխտնօրեն  Սերինե Հայրապետյանին սպառնում են ազատել աշխատանքից: Ըստ շրջանառվող վարկածների՝ պատճառն այն է, որ նա չի ցանկացել աշխատել ՀՀԿ-ի համար, հետևաբար մարզային իշխանությունները որոշել են հաշվեհարդարի դիմել:

Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ տիկին Հայրապետյանից: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ այսօր եղել է մարզպետի մոտ, և իրենց խոսակցությունը մի քանի րոպե է տևել. «Ոչ մի նման խոսակցություն չի եղել, ոչ ոք ինձ չի ասել գնա մտի ՀՀԿ, ՀՀԿ-ի համար աշխատի: Մարզպետն ինձ ասաց, որ կոլեկտիվի անունից իբր բողոք է եղել իմ հասցեին, թե ես զբաղվում եմ հակաքարոզչությամբ: Բայց ոչ մի կուսակցության, դաշինքի կամ անձի անուն չի տրվել»:

Նշենք, որ այսօր բժշկական կենտրոնի աշխատակիցները հավաքվել էին մարզպետարանում պնդելու, որ նման բողոք իրենց կողմից չի եղել Սերինե Հայրապետյանի հասցեին: Տիկին Հայրապետյանը պատմեց, թե մարզպետին ասել է, եթե բողոք է եղել, ուրեմն փաստեր ներկայացրեք, բայց նա փաստեր չի ներկայացրել. «Մարզպետն ինձ ընդամենը երեք նախադասություն ասաց, որ եղել է նման բողոք, որ դուք ազատվում եք աշխատանքից հակաքարոզչության համար:  Երբ ես հարցրի, թե ունե՞ք ապացույցներ, նա ասաց, որ ապացուցելու բան չունի»: Սերինե Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ կուսակցակա՞ն է, նա պատասխանեց, որ ոչ: Մեր այն դիտարկմանը, գուցե ճնշումնե՞ր են գործադրվում, որ դառնա ՀՀԿ-ական, տիկին Հայրապետյանն արձագանքեց, եթե նման առաջարկ լիներ, գուցե համաձայնվեր, բայց չի եղել նման բան: Հարցին՝ արդեն ազատվե՞լ է աշխատանքից, փոխտնօրենը պատասխանեց, թե դեռ աշխատանքի մեջ է. «Իմ հրամանն իմ տնօրենը պետք է տա: Վաղը գնալու եմ աշխատանքի, և ամեն ինչ պարզ կլինի»: Մեր հարցին՝ եթե ճնշումներ լինեն դիմում գրելո՞ւ է , տիկին Հայրապետյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ դիմում գրեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728