ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց տնտեսական անկման, արտագաղթի, սոցիալական խնդիրների մասին եւ հարցրեց. «Պարոն վարչապետ, դուք անդամագրվեցիք ՀՀԿ-ին ոչ թե պաշտոնի համար, այլ՝ հավատալով ծրագրին եւ պատրաստ լինելով այն իրականացնել: Խնդրում եմ նախընտրական այս շրջանում ներկայացնել, թե ՀՀԿ-ի ծրագրի առաջին դրույթը որն է, ինչ է այն հռչակում եւ ինչ եք իրականացնելու»:
Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը կառավարությանը չի վերաբերում. «Հարցն այնպես տայիք, որ հնարավոր լիներ պատասխանել»: Նա հորդորեց պատգամավորին մյուս անգամ վերաշարադրել հարցը:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հարցրեց այն քայլերի մասին, որոնք փորձում են իրականացնել, որ ձեւավորվի մի իրավիճակ, որտեղ ՀՀ քաղաքացին պետք է իրեն զգա հպարտ եւ վարչապետի խոսքերով ասած՝ «դիլխոր» չլինի. «Տնտեսական դաշտում հասկանում եմ, որ բարաթ չեք կարող տալ, բայց ձեր ազնիվ մղումներին՝ ձեւավորելու այնպիսի ներդրումային դաշտ, որը հրապուրիչ կլինի՝ հավատում եմ: Դատական համակարգում հասկանում եմ, որ չունեք այնպիսի փայտիկ, որ մեկ օրվա մեջ ազնիվ դատավորներ ունենանք ու փոխեք նրանց: Վստահ եմ նաեւ, որ կան ոլորտներ, որտեղ կարելի է քայլեր անել եւ հպարտության այդ միջավայրը ձեւավորել: Ինձ հետաքրքրում են այն գործողությունները, որ այսօրվա կառավարությունն իրականացնում է, որ չունենանք Լապշինի նման հանրությանը հարվածող դեպքեր»:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ հարցն այնքան լայն է, չգիտի՝ կառավարության ծրագրից խոսի, թե ինչից. «Լապշինից սկսեցիք, սահմանի դեպքով ավարտեցիք: Եթե կոնկրետացնեք հարցը՝ պատասխանեմ, եթե չէ՝ մեկ այլ տարբերակով հանդիպենք, զրուցենք»:
Թեւան Պողոսյանը ճշտեց՝ վերջին շրջանում երեք դեպք եղավ՝ Ուկրաինանն արցախյան ապրանքները արգելեց շուկա մտցնել, մենք ադրբեջանցի դիվերսանտի դին հանձնեցինք՝ իրեն ազգային հերոս հռչակեցին, իսկ մենք նույն դիվերսանտին խփած զինվորին ազգային հերոսի կոչում չտվեցինք, նաեւ Լապշինի դեպքը եղավ:՚ Պատգամավորը հարցրեց՝ այս երեք դեպքերի հետ կապված կարո՞ղ եք ասել ինչ եք անում, ի՞նչ հրահանգ եք տվել կառավարության ներկայացուցիչներին, որ իրավիճակ փոխվի, ասենք, ադրբեջանցիները «մռմռան»:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այնպիսի քայլեր, որ Լապշինի նման դեպքերը կվերացնե՞նք… Լապշինի դեպքն արտառոց է: Անտրամաբանական պահելաձեւի դեմ որոշակի անձերի, քայլերի, այդ թվում գուցե երկրների, մենք գործողություններ անենք, որ իրենք անտրամաբանական բան չանեն՝ ես նման գործողություն չգիտեմ»: Իսկ թե ինչ հրահանգ է տվել իր նախարարներին՝ վարչապետն ասաց, որ իրենց ներքին քննարկումները թույլ տվեք մնան մեր մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ