Լրահոս
Օրվա լրահոսը

«Բելառուսական դատարանն իր վճռով ամրագրեց, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս». Արա Պապյան

Փետրվար 08,2017 18:25

Բելառուսական դատարանն իր վճռով ամրագրեց, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու Բելառուսի քայլին՝ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ համացանցում իր զբոսաշրջության նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

«Բելառուսն իր վրա վերցրեց այն լիազորությունները, որոնք իր լիազորություններից դուրս էին, դա ԵԱՀԿ Մինսկի լիազորություն է: Քանի որ մեղադրանքներից մեկն այն էր, որ Լապշինը անօրինական հատել է  Ադրբեջանի սահմանը, այսինքն, մտնելով Արցախ՝ հատել է Ադրբեջանի սահմանը: Դա շատ վատ նախադեպ է այդ մակարդակով ամրագրված: Օտարերկրյա քաղաքացիները, որոնց առ այսօր իրենց արտաքին գործերի նախարարությունները հորդորում էին չգնալ Արցախ, հիմա կանգնել են ավելի լուրջ երկընտրանքի առջեւ քրեական պատժի: Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ նման նախադեպը չեն կրկնի այլ երկրներ, օրինակ՝ Ուկրաինան, Թուրքիան, չի բացառվում նաեւ ՌԴ-ն, եթե ինչ-որ հարաբերությունները ՌԴ-ի ուզած ձեւով չգնան, դրանք քաղաքական լուրջ հետեւանքներ են»,- ասաց պարոն Պապյանը:

Ի՞նչ պետք  է աներ Հայաստանը, որ չարեց, ըստ պարոն Պապյանի. «Լապշինը Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի է, այդ պետությունները չեն տուժում նման վճռից ու արտահանձնումից: Այո՛, իրենց քաղաքացին տուժում է, որոշ խնամակալական խնդիրներ կունենան, բայց որպես պետություն՝ չեն տուժում, միակ պետությունը, որ տուժում է, Հայաստանն է, ներառյալ Արցախը: Հայաստանը պետք  աներ որոշակի քայլեր, մենք տեսնեինք, որ այդ քայլերը արդյունք չեն տվել, հետո նոր կասեինք՝ ինչ-որ կարելի էր անել, Հայաստանն արեց, արդյունք չտվեց: Օրինակ` այն ժամանակ, երբ Բելառուսի նախագահը խոսում էր արտահանձնման մասին, այդ ժամանակ մեր նախագահը պետք է հայտարարեր, որ նման քայլը ՀՀ կողմից կդիտարկվի որպես դաշնակից երկրի կողմից ոչ բարեկամական քայլ: Արվե՞ց՝ չարվեց:

Մինսկում Լապշինի դատավարությունն ինչքան ժամանակ է, որ ընթանում է, աղմուկն արդեն երկու շաբաթ կա, թող դեսպանին հետ կանչեին խորհրդակցությունների, եւ դա հստակ ուղերձ կլիներ Բելառուսին, որ մեզ համար դա ընդունելի չէ: Լիքը անելու բաներ կային: Կան հայ-բելառուսական շահեր, դեսպան ենք պահում, որ գնա եւ ասի՝ որտեղ կարող ենք հարվածել բելառուսական շահերին եւ որտեղ կարող ենք օգնել: Դրա համար դիվանագիտություն կա, թող անեին, չե՞ն կարողանում անել, ռեսուրսները բավարար չեն, թող թողնեն՝  ուրիշներն անեն: Սա շախմատային պարտիա է, նույն իրավիճակում ոմանք պարտվում են, ոմանք՝ հաղթում, այնպես է, որ պարբերաբար պարտվում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728