Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ապրիլի 2-ը ընտրությունների օր նշանակելու մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, ասաց. «Այո, Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն: Երկու հոդվածները՝ 89 եւ 209 հոդվածները միմյանց չեն համապատասխանում»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա միայն Հայաստանում չէ, այլ երկրներում էլ են առաջանում նման խնդիրներ, եւ հիմա պետք է ճշտեն, թե որ նորմն է ավելի գերակա:
Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն այդ առնչությամբ որոշում ունի նախկին Սահմանադրության հետ կապված, որի երկու հոդվածները եւս չէին համապատասխանում իրար: ՍԴ-ն որոշել է, որ գերակա պետք է լինի այն հոդվածը, որը բովանդակային է, իսկ ընթացակարգայինը պետք է լինի ոչ գերակա:
Հարցին՝ չունե՞ն իշխանությունները կամք՝ տեղափոխելու այդ օրը մեկ շաբաթով, քանի որ ժողովուրդը շատ զգայուն է մոտենում այդ օրվան՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ «ապրիլի 2-ին տոնակատարություն չի իրականացվում երկրում, այլ ընդամենը՝ քվեարկության օր է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ եթե քաղաքական ուժերը գան համաձայնության եւ այդ առիթը չօգտագործեն՝ քվեարկության արդյունքները բողոքարկելու համար, կարող են փոխել օրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ