Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը կրկին բարձրացրեց Միհրան Պողոսյանի հարցը՝ ԱԺ-ում

Փետրվար 08,2017 17:57

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց, որ տեղյակ է՝ նա հանդիպել է ԵՄ պատվիրակության մշտական ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկու հետ: Տարածված մամուլի հաղորդագրության մեջ էլ նշված է, որ խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ասվել է, որ աշխատանքներ են տարվում կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի հետ կապված:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սրանք ընդամենը բառեր են: Նա իրականության մեջ մի օրինակ բերեց՝ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հետ կապված. «2013-ին ես այդ հարցը բարձրացրեցի, որ ԴԱՀԿ-ն «Քեթրին գրուպից» մեծ քանակով չինական մեքենաներ էր գնել, այսինքն՝ ինքն իրենից գնել էր: Հետո դրան հետեւեց Պանամական սկանդալը, որ նա հանդիսանում է օֆշորային ընկերությունների տեր եւ շվեյցարական բանկում հաշվեհամար էր բացվել, որի համար իրավասու միակ անձը Միհրան Պողոսյանն էր»;

Նա ասաց, որ երբ հարցը բարձրացրեց ԱԺ-ում, կառավարությունից պատասխանել են գրավոր, որ նա ազատվել է ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, բացի այդ, ոստիկանությունում այդ հարցի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել եւ ընթանում է քննություն: Հետո պարզվեց, որ նրա գործը կարճվել է: Զուրաբյանը հարցրեց՝ ինչպե՞ս եք դուք այսպես գնում ընտրությունների, դեռ նրան էլ ընդգրկում եք ձեր ցուցակի մեջ:

Հարցին պատասխանեց ոչ թե վարչապետը, այլ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա էլ քաղաքական մասը բաց թողնելով՝ խոսեց իրավական խնդիրների, հաշվետվության թափանցիկության մասին եւ ոչ մի խոսք չասաց Միհրան Պողոսյանից:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ Միհրան Պողոսյանի գործը կարճել են այն հիմքով, թե Շվեյցարիայի իշխանությունները չեն բավարարել ՀՀ իրավապահ մարմինների միջնորդությունը, մինչդեռ Շվեյցարիայից «Հետքին» պարզաբանել են, որ միջնորդությունը ձեւակերպված չի եղել պատշաճ, դրա համար չեն բավարարել. «Սա նշանակում է, որ գործ ունենք կոռուպցիոն գործարքի հետ»:

Նա Թրանսփարենսի ինթերնեյշընըլին հղում արեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը նահանջել է՝ մոտենալով Ադրբեջանին:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ կարող է չհամաձայնել ինչպես Զուրաբյանի, այնպես էլ Թրանսփարենսի ինթերնեյշընըլի հետ: Նա ասաց, որ նախընտրական բնույթի հայտարարություն է անում Զուրաբյանը. «Երբ ցիտում եք Թրանսփարենսի ինթերնեյշընըլին` հորդորս է` մինչեւ վերջ ցիտեք: Շարունակությունն այն է, որ այդ նահանջը պայմանավորված է ոչ այնքան նրանով, որ խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ գործողությունների եւ դրանք անարդյունավետությանը, այլ այդ սանդղակում ընգրկված երկրներն են իրենց տեղերը բարելավել: Բովանդակային առումով տարբերություն բացասական տեսանկյունից չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728