ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման նախապատրաստական աշխատանքները։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է, որ վերջին տվյալներով հանրապետությունում աշխատում է 793 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 471-ը` ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում։ Նրանցից 258-ն աշխատում է մայրաքաղաքում, 213-ը` մարզերում։
Նշենք, որ գործող 58 ստացիոնար ծննդօգնության բժշկական կազմակերպությունից 12–ը (8-ը` 3-րդ մակարդակի, 4-ը` 2-րդ) Երևանում են, 46-ը` մարզերում։
Ռազմիկ Աբրահամյանը նախարար Ալթունյանին ներկայացրել է, որ ստացիոնար բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների տեսական գիտելիքների գնահատման նպատակով մասնագիտական խմբերը մշակել են 50 թեստ` կազմված 250 խնդրից և 1250 ենթախնդրից։
Միաժամանակ, կգնահատվեն մասնագետների գործնական հմտությունները, կուսումնասիրվի բուժհաստատությունների` անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու պատրաստվածության և առանձին ծառայությունների մակարդակը։
Քննարկվել են նշված և նախատեսված մյուս բոլոր աշխատանքների կազմակերպման հարցերը։
Լևոն Ալթունյանը հանձնարարել է մասնագետների թեստավորումն անցկացնել էլեկտրոնային եղանակով։ Առողջապահության նախարարն առաջարկել է, որպեսզի մարզային ծննդօգնության հաստատություններում նախատեսվող ուսումնասիրությունները պլանային այցերի ընթացքում կատարի բուժհիմնարկների գործունեության օպտիմալացման և կազմակերպակառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը։
ՀՀ առողջապահության նախարարություն