Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի նոր նախագիծը Ազգային ժողով կներկայացվի գարնանը

Փետրվար 08,2017 17:51

«Որոշում է կայացվել  Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին նոր օրենք նախագծել, քանի որ փոփոխությունները հին օրենքում շատ էին, և փաթեթը մեծ էր ստացվում: Այնտեղ  ընդգրկված կլինեն վերջին տասը տարիների միջազգային պայմանագրերի  բոլոր նորմերը և կհամապատասխանեցվեն այդ պայմանագրերին, – այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը:  Նրա խոսքով տեխնիկայի զարգացման հետ միասին  գիտության, գրականության, արվեստի ոլորտում առաջանում են նոր ստեղծագործություններ, և այս ամենի առաջացման հետ առաջ են գալիս նոր իրավահարաբերություններ, դրանք  կարգավորելու համար  էլ օրենքը մշտապես մնում է  փորձագետների և իրավաբանների ուշադրության կենտրոնում: Սա էլ  պատճառ է հանդիսացել, որ ՀՀ-ում ևս ուշադրություն դարձվի Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին  օրենքին և նախագծվի նոր օրենք:
Մեծ փոփոխություններ են կատարվել գույքային իրավունքների կառավարող կազմակերպությունների հոդվածներում, որտեղ արդեն սահմանվել է հավատարմագրման գործընթաց, ինչպես նաև օրենքով  նախատեսվել են հավատարմագիր տալու պայմանները: Այսպիսի կառույցները պետական լիազոր մարմնով կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը, այնուհետև հավատարմագիր ստանալուց հետո կկարողանան գործել տվյալ ոլորտում: Նոր նախագծում նախատեսվել են նաև լայն սահմանափակումներ. սահմանվել է հավասարակշռություն հեղինակի իրավունքի և հասարակության շահերի միջև:
«Ես շատ կարևորում եմ այս փոփոխությունները, որովհետև այն լայն հնարավորություն կտա հատկապես ուսումնական հաստատությունների գրադարաններին առանց հեղինակի թույլտվության և վարձատրության  վերարտադրել ստեղծագործությունները: Թանկարժեք դասագրքերը կվերարտադրվեն ուսանողների համար, որը նշանակում է, որ գրքերը հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով»,- հավելեց Ք. Համբարյանը:

Հաջորդ փոփոխությունն արվել է թույլ տեսողություն ունեցող անձանց, կույրերի, ընթերցանության հետ խնդիրների ունեցողների համար: Այսուհետև հնարավորություն կտրվի ազատ փոփոխել ստեղծագործության ձևաչափը, օգտագործել այն առանց հեղինակի վարձատրության: Փոփոխությունները եղել են նաև կառուցվածային առումով, հեշտացվել է տերմինոլոգիան, ավելի մատչելի է դարձվել իրավատերերի համար:
Քրսիտինե Համբարյանն ավելացրեց նաև, որ մի շարք փոփոխություններ են ներկայացվել արդարադատության նախարարության կողմից քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնի մասով, որը վերաբերում է մտավոր սեփականության իրավունքների կարգավորմանը. «Կարևորում եմ սրա դերը նրա համար, որ քաղաքացիական օրենսգրքում կրկնվում են հոդվածները, որոնք որ կարգավորվում են մտավոր սեփականության բնագավառի արդեն առանձին ընդունված օրենքներում: Կրկնությունից խուսափելու համար և առանձին օրենքով կարգավորւմ անելու համար քաղաքացիական օրենսգրքում կատարվել են համապատասխան փոփոխություններ, թողնվել է միայն մտավոր սեփականության վերաբերող ընդհանուր դրույթները»:
Հարցին, թե նախագիծը ե՞րբ կներկայացվի Ազգային ժողով, հյուրը պատասխանեց, որ այն կներկայացվի գարնան վերջում` քաղաքացիական օրենսգրքի ընդունումից հետո :

Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728