Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթի փոշու գողության տեսանյութը 16 հազար դիտում է ունեցել. Հովհաննես Մարգարյանը պատիվ է պահանջում «Գյումրեցու ոգուց» (Տեսանյութ)

Փետրվար 08,2017 17:46

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի նախնական լսումը:

Պատգամավորն իրեն զրպարտելու, վիրավորելու, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար «Գյումրեցու ոգի» կուսակցությունից պահանջում է ներողություն խնդրել, զրպարտելու համար հատուցել աշխատավարձի երկու հազարապատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ հազարապատիկի չափով: Բանն այն է, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որին մասնակցում էին թե՛ «Հայկական վերածնունդ» եւ թե՛ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը քարոզարշավի վերջին ժամերին, օգտվելով քաղաքական գովազդ պատվիրելու իր իրավունքից, տեղի երեք հեռուստաընկերություններով՝ «Շանթով», «Ցայգով» ու «Շիրակով» պատվիրել էր եթեր հեռարձակել մի տեսանյութ, որը նվիրված էր «Հայկական վերածնունդ»  կուսակցության քաղաքապետի թեկնածուին՝ Հովհաննես Մարգարյանին: «Ճանաչի՛ր» վերանագրով տեսանյութում պատգամավորը մեղադրվում է կաթի գողության մեջ: Ըստ տեսանյութի, երկրաշարժի տարիներին, լինելով Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն, Հովհաննես Մարգարյանը յուրացրել է աղետի գոտուն օգնություն ուղարկած 8 տոննա կաթի փոշին:  Հովհաննես Մարգարյանը սա որակում է շանտաժ իր հասցեին՝ պնդելով, որ իրեն զրպարտում են, ինքը երբեք դատված չի եղել, տեսանյութի կադրերը մոնտաժվել են:

«Գյումրեցու ոգի» կուսակցության շահերը պաշտպանող 10 փաստաբաններից այսօր դատարան էր ներկայացել ընդամենը մեկը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գագիկ Թովմասյանը: Վերջինս նշեց, որ հայցադիմումին կցված չէ այն տեսաերիզը, որը ԱԺ պատգամավորը համարում է զրպարտություն ու վիրավորանք: Դատական նիստը ընդմիջվեց մի քանի րոպեով, մինչեւ որ Հովհաննես Մարգարյանի շահերը պաշտանող Ալբերտ Դերձակյանն ու Օհան Գեւորգյանը բերեցին տեսաերիզի երկու օրինակ՝ DVD տարբերակներով: Նրանք մեկ օրինակը տրամադրեցին դատավորին, մյուս օրինակը «Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցչին:

Պատգամավորի շահերի պաշտպանները դատարանից պահանջեցին բերել տեխնիկա ու տեղում ծանոթանալ՝ տեսաերիզը բացո՞ւմ է, նորմա՞լ է: «Չէ, հենց հիմա թող նայեն, չգնան հետո զրպարտեն, թե մեզ չեք տվել տեսանյութի օրինակը»,- բացականչում էին  դատարանի դահլիճում նստած պատգամավորի կուսակից ընկերները: Նրա փաստաբանները նույնպես պնդում էին, որ պետք է տեղում համոզվել տեսաերիզի առկայության հարցում, որպեսզի սա չդարձնեն դատական նիստերը ձգձգելու պատճառ, հաջորդ նիստին չհայտարարեն, թե տեսաերիզը չէր բացում:

Մինչդեռ «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբանը նշում էր, որ ինքը  կծանոթանա տեսանյութին  պատշաճ պայմաններում ու կարտահայտի իր տեսակետը: Դատական նիստը 10 րոպեով ընդմիջվեց դատարան տեխնիկա բերելու համար: Եվ մինչ Հովհաննես Մարգարյանի փաստաբաններից մեկը տեխնիկան կհասցներ դատարան, դատավորն այս ընթացքում հետաձգեց դատական նիստը: Նիստից հետո տեխնիկան բերեցին ու միացրեցին տեսանյութը:

Հովհաննես Մարգարյանի շահերի պաշտպան Ալբերտ Դերձակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը  դեռեւս 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 21.35-ին այն տեղադրել է իր էջում՝ որպես գլխավոր տեսանյութ ու 2017 թվականի փետրվարի 2-ի դրությամբ ունեցել է շուրջ 16 հազար դիտում: «16 հազար մարդ դիտել է այդ տեսաերիզը ու ունեցել է իր կարծիքը, ընդ որում եղել են նաեւ մեկնաբանություններ՝ հավանության ու զայրույթի: Այսինքն մենք գտնում ենք, որ միանշանակ մեր վստահորդի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել են, եւ կողմը պարտադիր պատասխանատվություն պետք է կրի», -ասաց Ալբերտ Դերձակյանը: Ըստ նրա, այդ տեսանյութն իրականության հետ աղերս չունի, եւ որ պատասխանող կողմը պատճառ է փնտրում դատական նիստերը միտումնավոր ձգձգելու, որպեսզի հերքումը ուշ լինի: Իսկ սա, ըստ Ալբերտ Դերձակյանի, կապված է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների հետ, այս ձեւով փորձում են տեսանյութը օգտագործել Հովհաննես Մարգարյանի դեմ:

 

Նկատենք, որ սա Գյումրիում հասարակական հնչեղություն ունեցող այն եզակի դատավարություններից է, որի տեսալուսանկարահանումը կոնկրետ այսօր արգելվեց: Դատավոր Հայկանուշ Միքայելյանը, տեսնելով նկարահանող հեռուստաընկերությունների օպերատորներին, ասաց, որ պիտի ստանա կողմերի համաձայնությունը, որպեսզի թույլատրի կամ արգելի նկարահանել: Սակայն, լրատվամիջոցների պարբերաբար հիշեցումն անտեսելով՝ դատավորն ամբողջ նիստի ընթացքում քննարկման չդրեց այս հարցը: Շիրակի մարզի դատարանում երբեք նախադեպը չէր եղել, որ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող նիստերը չթույլատրեն նկարահանման, խոչընդոտեն լրատվամիջոցներին իրենց աշխատանքը կատարելու:

Նշենք նաեւ, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության փաստաբանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք նաեւ, որ որպես  «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր՝ մամուլում նշվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա ավագ որդու անունը: Սամվել Բալասանյանն ու Հովհաննես Մարգարյանը կաթի փոշու պատմության ժամանակ եղել են մոտ ընկերներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728