Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը`որդուն նոր պաշտոնի նշանակելու մասին

Փետրվար 08,2017 17:38

ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին։ Մամուլում գրվել էր, որ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այդ հարցին, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Շատ ապրեք, որ այդքան անհանգստացած եք որդուս համար: Անկեղծ ասած` ինձ թվում է, որ ձեր այդ սրտացավությունը այս պահին որևէ հիմք չունի:Կառավարությունը որոշում է կայացրել մեկ հաստիք բացել համապատասխան աշխատանքի համար, կառավարությունը որևէ մեկի անուն չի նշել, ընդամենը բացել է հաստիք»: Հերմինե Նաղդալյանն ասաց, որ հաստիքը դեռ պիտի հաստատվի, ֆինասավորումը պիտի կատարվի, պետք է ընտրվեն այն մարդիկ, ովքեր կարող են այդ աշխատանքը կատարել: Հարցին`իսկ ո՞վ կլինի Չինաստանում առևտրային կցորդ, նա պատասխանեց. «Կընտրվի լավագույնը: Ի՞նչ կապ ունի` իմ որդին է, քո եղբայրն է, հայրն է, ով է… լա՞վն է, համապատասխանո՞ւմ է այդ հաստիքին, ունի՞ այդ հնարավորությունները` լավ»:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասախնում նաև այն պնդումները, թե ինքը ցանկանում է ՌԴ-ում ՀՀ  դեսպան նշանակվել. «Գրողը այնպես էր գրել, կարծես հենց ինքը ագրիմանը ուղարկել էր եւ հեսա-հեսա պատասխանն էր ստանալու: Ես զբաղված եմ իմ աշխատանքով, ես սիրում եմ իմ աշխատանքը խորհրդարանում և այս տարիների ընթացքում որոշակի փորձառություն եմ ձեռք բերել, այդ փորձառութունը օգտակար է, կարող է դեռ օգտակար լինել»: Կլինի՞ հերմինե Նաղդալյանը հաջորդ խորհրդարանում, թե`ոչ, կորոշի կուսակցությունը:

Հերմինե Նաղդալյանը նաեւ հերքեց, թե ՀՀԿ-ի կանայք ցուցակում ընդգրկվելու համար վեճերի մեջ են: Իր եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «հակամարտության» մասին լուրերին վերաբերվող հարցին էլ այսպես պատասխանեց. «Մենք միասին եղել ենք ԵԽԽՎ խմբում, իմ կողմից բացի հոգատարությունից, բացի մեծավարի խորհուրդներից և սրտացավությունից որևէ բան չի եղել։ Վստահ եմ՝ ինքն էլ է այդպես մտածում»:

Իսկ Հովիկ Աբրահամյանի հետ ՀՀԿ-ից հեռացած Կարեինե Պողոսյանի հետ Հերմինե Նաղդալյանը չի կարողացել խոսել, հեռախոսն անջատված է եղել: Նա այս քառօրյային, ի դեպ, խորհրդարան չեկավ. «Գիտեմ, որ նաև փոքր-ինչ վատառողջ է եղել»:

Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությունը վերաբերվող հարցին էլ ասաց. «Հույս ունեմ, մեր փառապանծ գեներալը բախտախնդրության ճանապարհով չի գնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728