Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող որոշ հիվանդների հրաժարվում են անվճար բուժում տրամադրել

Փետրվար 08,2017 17:33

Այսօր՝ 2017 թ. փետրվարի 8-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող հիվանդներից մեկին, որն արդեն մի քանի շաբաթ դիալիզային անվճար բուժում է ստանում հիվանդանոցում, այսօր տեղեկացրել են, որ նա այլևս պետպատվերի շրջանակներում չի կարող բուժում ստանալ՝ պատճառաբանելով հիվանդի վերաբերյալ համապատասխան որոշմամբ:

Վերջինս գրությամբ դիմել է բժշկական հաստատության ղեկավարությանը՝ վկայակոչված որոշումն ստանալու հարցով, սակայն այն չի տրամադրվել հիվանդին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը փորձել է դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նախարարության աշխատակիցը  նշել է, որ որևէ հիմնավորում կամ բացատրություն չի կարող ներկայացնել՝ հավելելով, որ նույն կարգավիճակում գտնվող որոշ հիվանդների անվճար բժշկական օգնություն տրամադրվում է, որոշներին՝ ոչ, միաժամանակ նշել է, որ առայժմ հիվանդի բուժումը կարող է իրականցվել միայն վճարովի հիմունքներով: Այսպիսով՝ ինչպես բժշկական հաստատության, այնպես էլ Առողջապահության նախարարության կողմից որևէ իրավական հիմնավորում չի տրվել բարձրացված խնդրի շուրջ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ ևս դիմել է ՀՀ Առողջապահության նախարարություն՝ գրասենյակ ահազանգած անձի՝ անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը վերականգնելու հարցով: Նման կամայական մոտեցմամբ ՀՀ Առողջապահության նախարարությունը ոչ միայն խախտում է անձանց՝ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքը, այլև խտրական մոտեցում է ցուցաբերում՝ նույն կարգավիճակում գտնվող տարբեր հիվանդների նկատմամբ: Հավելենք, որ հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող անձանց՝ անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը ամրագրված է մի շարք իրավական ակտերով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728