Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ Բելառուսն իր դեսպանատունը կառուցել է Գագիկ Ծառուկյանի բախչի վերջին, խոսում է երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին». Արամ Սարգսյան

Փետրվար 08,2017 17:30

«Ելք» դաշինքը պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին և սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ: Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և նրա դեմ քրեական գործի հարուցման փաստի հետ կապված դաշինքը բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան առաջ:

ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը
դեսպանատան առաջ լրագրողների հետ հանդիպմանը տարօրինակ համարեց այն, ինչ տեղի է ունենում. «Պահն է, որ կարողանանք այս ամենի մասին բարձրաձայնել: Բելառուսը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով միշտ բացասական դերակատարություն է ունեցել: Այս վերջինը, որ տեղի ունեցավ, վշտալի է հենց Բելառուսի համար: Չեմ կարծում, որ Բելառուսի ժողովուրդը բացասական տրամադրվածություն ունի հայ ժողովրդի և ազատագրական պայքարի նկատմամբ: Լուկաշենկոյի երկարատև կառավարումը բերել է մի վիճակի, երբ այժմ նրա համար այլ արժեքներ կան»: Նա կարևորեց, որ այս առիթով աշխարհի բոլոր բլոգերներն ակտիվանան, իսկ ՀՀ-ում այն մարդիկ, որոնք գործարար հարաբերություններ ունեն Լուկաշենկոյի հետ, վերանայեն դրանք:

«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ և ոչ Հայաստանը: Սա իզոլացման քաղաքականություն է : Այստեղ մեր ԱԳՆ-ն իր չդերակատարությամբ, լռությամբ դերակատարությունն ունի: Ինչով է զբաղվում ՀՀ դեսպանը Բելառուսում»:

Դաշինքը պահանջում է սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ, մանավանդ նման նախադեպ կա Հունգարիայի պարագայում:

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անհրաժեշտ է վերանայել՝ ինչքանով է ՀԱՊԿ անդամ լինելը ենթադրում գործընկերային հարաբերություններ:

Բելառուսի դեսպանատնից այդպես էլ որևէ մեկը չարձագանքեց, ներսից պատասխանեցին, թե իրավասու անձնավորություն այս պահին չկա:

«Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն էլ նշեց, թե երկու եզրահանգում է կատարել. «Միայն այն, որ Բելառուսն իր դեսպանատունը բերել կառուցել է Գագիկ Ծառուկյանի բախչի վերջին, դա Բելառուսի վերաբերմունքն է մեր երկրին: Ի վերջո, Լապշինը ՌԴ քաղաքացի է: Եթե ՌԴ-ն չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքը, ապա ոնց է Հայաստանի շահերն ու սահմանները պաշտպանելու:Այս հետևությունների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն պետք է որոշում կայացնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Իսկ ինչ էիք սպասում բռնապետ Լուկաշենկոյից?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728