Արաբական Էմիրություններից գործարարները որոշել են ներդրումներ անել Ջերմուկում: Այսօր այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա, մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ նախագծով կառուցվելու են հյուրատներ` ներդրողի նախընտրությունները հաշվի առնելով: Նարեկ Սարգսյանը գտնում է, որ Ջերմուկի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար այս քաղաքը պետք է հանել փակուղային վիճակից, որի մեջ այսօր գտնվում է Ջերմուկը:
«Ջերմուկի խնդիրները ուսումնասիրելով, եկել ենք այն եզրակացության, որ այն գտնվում է փակուղային վիճակում, այսինքն` Ջերմուկով ավարտվում է, նա ճանապարհներին մոտ չէ»,-ասաց պարոն Սարգսյանը` նշելով, որ կառավարությանը շուտով առաջարկ են ներկայացնելու Վայք-Գնդեւազ-Ջերմուկ ուղղության ճանապարհը Հյուսիս–Հարավին միացնելու: 28 կիլոմետրանոց ճանապարհը կմիանա Սիսիանի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհին եւ Նարեկ Սարգսյանի խոսքերով, Ջերմուկը կհայտնվի հյուսիս-հարավ ճանապարհի վրա. «Ինչը նշանակում է, որ Տաթեւից, Իրանից եկողներն, անպայման, կգան մեկ գիշեր կմնան Ջերմուկում ու կշարունակեն, եւ` հակառակը. Երեւանից հարավ գնացողները կգան Ջերմուկ եւ կշարունակեն: Իսկ այսօր մարդը չի կարող մի 30 կիլոմետր գալ եւ 30-ն էլ հետ գնալ»:
Ըստ պարոն Սարգսյանի, խոսքը ոչ այդքան մեծ գումարների մասին է, ուստի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից արժե, որ այդ գումարը, որը մոտ 11 միլիոն դոլարի կարգի է, ծախսվի. «Այդ ճանապարհը հնարավոր է շատ արագ կառուցել: Այդ ճանապարհը նաեւ անվտանգության խնդիր է լուծելու, մեր ամբողջ հարավային ճանապարհը մեկ թեւի վրա է, մեկ ճանապարհ, եւ, եթե այդ ճանապարհը փլուզվեց կամ կանգնեց, կապ չի լինելու, ուստի այս ճանապարհը կլուծի նաեւ տարածքների զարգացման խնդիրը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ