Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարվող փոփոխությունների և ներկայում ունեցած իր գործունեության մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրուցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Նրա խոսքով` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար պիտի ընտրվի այնպիսի մարդ, որը կլինի հմուտ, կկարողանա կապեր հաստատել աշխարհի մնացած երկրների թատրոնների հետ ու կկարողանա թիմային լավ աշխատանքներ ներկայացնել հանդիսատեսին:
Հարցին, թե արդյո՞ք առաջարկի դեպքում նա կողմ կլինի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի որևէ ներկայացում ղեկավարել, Պարոն Դուրգարյանը պատասխանեց, որ կհամաձայնի, եթե կարողանա ժամանակի մեջ տեղավորվել:
Անդրադառնալով ներկա ժամանակաշրջանում կատարած իր աշխատանքներին` Կարեն Դուրգարյանն ասաց, որ միայն 2016 թվականին Հայաստանի սահմաններից դուրս ավելի քանի 120 ներկայացում ու սիմֆոնիկ համերգներ է ունեցել՝ համագործակցելով տարբեր թատրոնների ու նվագախմբերի հետ, որոնցից են Մյունխենի օպերայի թատրոնը, Բրյուսելի ֆիլարմոնիկ նվագախումբը, Մարինյան թատրոնը և այլն:
«Փորձել եմ այնպես անել, որ հայ դասական երաժշտությունը նույնպես հնչի այս համերգների շրջանակներում, քանի որ ինձ համար շատ կարեւոր է պրոպագանդել մեր հայ դասական երաժշտությունը»,- ասաց պարոն Դուրգարյանը:
Կարդացեք նաև
Ապագայում դիրիժորը պատրաստվում է գնալ Տավուշի մարզ և նվագախմբի հետ տեղի վաշտերից մեկի համար ելույթ ունենալ:
Մելինե Սարգսյան