Լրահոս
Օրվա լրահոսը

Կստեղծվեն մարզական խորհուրդներ՝ արևելյան մարտարվեստների գործունեությունը կանոնակարգելու նպատակով

Փետրվար 08,2017 17:05

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ տեղի են ունեցել քննարկումներ՝ արևելյան մարտարվեստների (կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեներ) ֆեդերացիաների, ակումբների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել և այժմ համաձայնեցման վերջնական փուլում է գտնվում մարզաձևերի, այդ թվում նաև արևելյան մարտարվեստների, ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգող համապատասխան օրենքի նախագիծը: «Այս ոլորտը վաղուց կանոնակարգման կարիք ունի, ինչն ի վերջո հնարավոր կլինի իրականացնել այդ օրենքի շնորհիվ: Այսօր մեր երկրում գործում են 200-ից ավելի տարաբնույթ անվանումներով կարատեների ֆեդերացիաներ, որոնց աշխատանքը հնարավոր չէ վերահսկել: Իսկ սա աղետալի երևույթ է, քանի որ պարզ չէ՝ ում մոտ ինչ ուսումնամարզական ծրագրով և ինչ պայմաններում են մարզվում մեր երեխաները: Երևույթին տալու ենք համակարգային և հստակ լուծում»,- ասել է նախարարը:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես համակարծիք են եղել, որ ոլորտի կանոնակարգման անհրաժեշտություն կա, քանի որ համատեղ և միասնական չափորոշիչներով աշխատելու դեպքում հայ մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին և առաջնություններին նույնպես կանոնակարգված կլինի:

«Արևելյան մարտարվեստները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մեծ մասսայականություն են վայելում: Կանոնակարգելով ոլորտը՝ մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր, նախ՝ առողջ ապրելակերպի տարածում և սպորտի մասսայականացում, և, իհարկե, մարզական բարձր արդյունքների նվաճում»,- նշել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը առաջարկել է ներկաներին երկշաբաթյա ընթացքում մշակել և ներկայացնել արևելյան մարտարվեստների խորհուրդների ստեղծման վերաբերյալ առաջարկություն՝ նշելով խորհրդի կազմը, կանոնակարգը, ՀՀ առաջնությունների անցկացման կարգը, մասնակիցների տարիքային խմբերը, անդամ ֆեդերացիաները, ակումբները և մյուս անդամ կազմակերպությունները: «Կարևորը կոնտակտային և ոչ կանտակտային կարատեների համար տարբերակված կազմակերպություններ ունենալն է, որոնք համակարգելու են կոնտակտային և ոչ կոնտակտային կարատեների գործունեությունը: Միայն այդ կազմակերպությունների հետ է համագործակցելու և դրանց է աջակցելու նախարարությունը»,- եզրափակել է նախարարը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728