Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցավազք՝ ՀՀ-ի հե՞տ. ինչո՞ւ է Ալիեւն առաջիկայում հանդիպելու Հասան Ռոհանիի հետ

Փետրվար 08,2017 16:56

«Ադրբեջանը կարծես փորձում է ՀՀ-ի հետ մրցավազքի մեջ մտնել՝ Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում»,-ասում է իրանագետը

Մամուլում տեղեկություններ կան, որ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելելու է Իրան, իսկ մարտին՝ Ռուսաստան: Այս առնչությամբ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց՝ թեեւ այցերի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան, սակայն Ալիեւի՝ հատկապես Իրանի նախագահ Հասան Ռոհաննի հետ անպայման հանդիպելու ձգտումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. նա փորձում է այդպես լուծել ՀՀ-ից «հետ չմնալու խնդիրը»: «Ադրբեջանական քարոզչամեքենան իր բնակչությանը եւս պարբերաբար հրամցնում է, թե Ադրբեջան-Իրան հարաբերություններում իրենք շատ ավելի առաջ են անցել ՀՀ-Իրան հարաբերություններից, մինչդեռ իրականությունն այլ է»,-մեզ հետ զրույցում նկատեց Վարդան Ոսկանյանը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը կարծես փորձում է ՀՀ-ի հետ մրցավազքի մեջ մտնել՝ Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում. «Սա ինչ-որ առումով դրական է, որովհետեւ ստացվում է, որ մենք ենք օրակարգ թելադրում Ադրբեջանին: Իրանը տարածաշրջանային գերտերություն է, որի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները բխում են մեր եւ Իրանի շահերից»:

Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ հատկապես վերջին շրջանում Ալիեւն անմիտ գործողություններով կարողացել է բավականին մեծ հետքայլ արձանագրել Իրանի հետ հարաբերությունների թվացյալ բարելավումից:

Իրանագետն անդրադարձավ նաեւ տեղեկություններին, թե նշյալ այցերի ընթացքում նախատեսվում է քննարկել Իրան-Ադրբեջան-ՌԴ նոր եռակողմ գագաթաժողովի կազմակերպման հարցը: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է իրատեսական այդ ձեւաչափի «ռեստարտը»:

«Ադրբեջանում ընթացող յուրաքանչյուր գործընթացի պետք է հետեւենք, բայց չպետք է դա դարձնենք օրակարգային անմիջական խնդիր: Եթե հիշում եք՝ 2016թ. օգոստոսին Բաքվում կայացած եռակողմ՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան  հանդիպումից հետո էլ անհիմն մտահոգություններ կային, թե Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ձեւավորում են հնարավոր դաշինք, ինչը տեղի չունեցավ: Նշեցիք «ռեստարտ» բառը: Տվյալ դեպքում, եթե անգամ «ռեստարտ»-ի կարիք կա, տեղի է ունեցել «ֆալցստարտ»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728