Այսօր ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց մի համաձայնագիր, որը վերաբերում է զինվորական եւ այլ կազմավորումներին, նրանց շարժական գույքին, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀԱՊԿ անդամ բոլոր 6 պետությունները: Համաձայնագրում սահմանված է, թե ինչ պայմաններում պետք է լինի փոխադրումը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Արա Նազարյանին հարցրեց՝ երբ Բելառուսը զենք է մատակարարում Ադրբեջանին, անկասկած, այդ մատակարարումն իրականացնում է՝ օգտագործելով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքը, ո՞ր պայմանագրով պետք է այդ հարցը կարգավորեն:
Նա հիշեցրեց, որ ժամանակին մի համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է զերծ մնան երրրորդ երկրների հետ իրենց փոխհարաբերությունները ձեւավորելու այնպիսի մոտեցումներից, որը կարող է սպառնալիք լինել կոլեկտիվ անվտանգության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների համար: Իսկ զենք փոխադրելը չի կարող իր մեջ սպառնալիք չպարունակել: Նա ասաց, որ պետք է ձեւակերպվի այնպես, որ չեն կարող փոխադրել զենք՝ առանց ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնության:
Կարդացեք նաև
Արա Նազարյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով հստակեցվում են զորամասերում եւ մշտական տեղակայման վայրերից դուրս պահակախմբերի, պարեկների կողմից ծառայության իրականացման համար տեխնիկական սարքավորումների հսկողության հարցերը:
«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխությունների նախագծով սահմանվում են զինծառայության անվտանգության ապահովման գործընթացում հրամանատարների պարտականությունները, զինծառայողների տեղաշարժի, մարտական դրոշի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Այս նախագծերը քննարկվում էին ԱԺ-ի կիսադատարկ դահլիճում: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը կոչ արեց գործընկերներին գալ նիստերի դահլիճ եւ բազմել իրենց աշխատանքային աթոռներին՝ զգուշացնելով. «Հետո կարոտելու են այս աթոռները»:
Միքայել Մելքումյանը հուշեց՝ գնացել են աշխատեն, որ հետ վերադառնան իրենց աթոռներին, այսինքն՝ նախընտրական հարցերով են զբաղված: Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ ոչ բոլորն են վերադառնալու. «Կան փոփոխություններ, որոնք անդառնալի են եւ դա վերաբերում է նաեւ պատգամավորական մանդատներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ