Մեկնարկել է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար: Կարող են ներկայացվել բացառապես անտիպ ստեղծագործությունները:
Ի դեպ, այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
Կարդացեք նաև
Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է:
Մասնակցության հայտերը լրացնելու համար այցելե՛ք www.artfest.am փառատոնի պաշտոնական կայք:
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը հիմնադրվել է 2013 թ.-ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016 թ.-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Հիմնադրման առաջին տարում փառատոնին մասնակցել են 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 երիտասարդներ:
Մամլո հաղորդագրություն